Դերասան, ռեժիսոր Տիգրան Նալչաջյանը մարտի 5-ին հանդիսատեսի դատին կհանձնի «Դասարանցիները» գեղարվեստական նոր ֆիլմը: Մինչ այդ համացանցում արդեն հասանելի է ֆիլմի պաշտոնական թրեյլերը:

«Դասարանցիները» ֆիլմը պատմություն է դպրոցական սիրո, իսկական ընկերության և դասարանի համախմբվածության մասին: Ֆիլմում դասարանի աշակերտները որոշում են գնալ տնօրենի մոտ և հրաժարվել իրենց դասղեկից, որը, ի զարմանս իրենց, արդեն հեռացված և նույնիսկ ձերբակալված է լինում: Օրեր անց գալիս է նոր դասղեկ՝ երիտասարդ տղամարդ, որը, ինչպես հետագայում պարզվում է, ոչ մի կապ չունի մանկավարժական աշխատանքի հետ: Իրադարձությունները սկսում են արագ ու հետաքրքիր զարգանալ և ունենալ անսպասելի հանգուցալուծում:

Նշենք, որ Տիգրան Նալչաջյանը նաև ֆիլմի սցենարի հեղինակն է, իսկ դպրոցականների մասին ֆիլմը նկարահանելու մտահղացումն առաջացել էր, քանի որ նաև մանկավարժական գործունեություն է ծավալում՝ դասավանդելով իր դերասանական ստուդիայում:

«Դասարանցիներ»-ում նկարահանվել են նաև իր ստուդիայի սաները. «Նրանցից ամենահայտնին Ստեփան Հովհաննիսյանն է՝ «Ազիզյանները» սիթքոմից: Նրանք, ովքեր դիտել են «Արթնացիր» ֆիլմը, կտեսնեն նաև Օֆելյա Հարությունյանին, ով այնտեղ գլխավոր դեր էր խաղում և Լիլյա Գևորգյանին, ով երկրորդ պլանի դերով էր հանդես գալիս»,- նշում է Տիգրան Նալչաջյանը:

Հավելենք, որ «Դասարանցիները» ֆիլմը, չնայած անվանմանը, միայն պատանիների համար չէ նախատեսված. «Այն 12+ է և նախատեսված է բոլորի համար: Կոմեդիայի և դրամայի ժանրային համակցություն է, և ֆիլմում կան ինչպես թեթև, ուրախ և հումորային տեսարաններ, այնպես էլ հուզիչ և դրամատիկ պահեր: Այնպես որ հանդիսատեսի համար կապահովվի զգացմունքների և զգացողությունների բազմազանություն: Ֆիլմը կարելի է գնալ դիտելու զույգերով, ընտանիքով, ընկերներով, նախկին և ներկայիս դասարանցիներով և համակուրսեցիներով, այնպես որ թիրախային լսարանը բավական ընդարձակ է»:

Հավելենք, որ «Դասարանցիները» ֆիլմում նկարահանվել են Ռոբերտ Հակոբյանը, Ստեփան Հովհաննիսյանը, Օֆելյա Հարությունյանը, Սահակ Դուրյանը, Մարգարիտա Հունանյանը, Ալլա Մնոշյանը, Սոֆյա Հովհաննիսյանը, Հասմիկ Հակոբյանը, Դանիել Սիրեկանյանը և այլք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել