168.am-ը գրում է.

Սիրիայի տրանսպորտի նախարար Ալի Համուդը փետրվարի 17-ին հայտարարել է երկրի հյուսիսում գտնվող Հալեպ քաղաքի միջազգային օդանավակայանի աշխատանքի վերսկսման մասին, Դամասկոսից առաջին չվերթը պլանավորված է չորեքշաբթի օրը՝ փետրվարի 19-ին։ «Տրանսպորտի նախարար Ալի Համուդը հայտարարել է Հալեպի միջազգային օդանավակայանի աշխատանքի վերսկսման մասին, չորեքշաբթի պլանավորված է առաջին չվերթը Դամասկոսից»,- հայտնել է նախարարությունը Facebook-ում: Գերատեսչության հաղորդագրության համաձայն, առաջիկա օրերին պլանավորվում է կանոնավոր չվերթներ իրականացնել Դամասկոս եւ Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրե:

Օդային հանգրվանը դադարել էր կանոնավոր մարդատար չվերթներ ընդունել 2013 թվականին նրա անմիջական մերձակայքում մարտական գործողությունների պատճառով: Հալեպի եւ Դամասկոսի միջեւ տարածությունը մոտավորապես 370 կիլոմետր է, նախքան սիրիական ճգնաժամը ինքնաթիռներն այդ տարածությունը հաղթահարում էին մոտավորապես 50 րոպեում: Օդանավակայանը կբացվի սիրիական բանակի գործողության շնորհիվ. փետրվարի 16-ին այն 2013 թվականից ի վեր առաջին անգամ լիակատար հսկողություն է հաստատել Հալեպի շրջակա բոլոր բնակավայրերի նկատմամբ՝ դրանով իսկ քաղաքը վտանգազերծելով զինյալների արդեն կանոնավոր դարձած հրետակոծումներից: Սիրիայի զինված ուժերի գլխավոր շտաբը փետրվարի 17-ին հայտնել է Հալեպի նահանգում մի շարք բնակավայրերի ազատագրման մասին եւ խոստացել շարունակել բանակի հարձակումը մինչեւ Սիրիայից բոլոր ահաբեկիչների լիակատար դուրսբերումը:

Սիրիայի Ikhbariya պետական հեռուստաալիքի տվյալներով՝ կիրակի օրվա ընթացքում բանակը 23 գյուղ է ազատագրել Հալեպի նահանգում՝ դրանցից զինյալների նահանջի ֆոնին: Ազատագրված հանգուցային գյուղերի թվում են՝ Անադանը եւ Բիյանունը, որոնք գտնվում են Հալեպից հյուսիս ընկած շրջանում 214 մայրուղու վրա, որը ձգվում է դեպի Թուրքիայի Ղազիանթեփ քաղաք, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել