«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի աղբյուրները փոխանցում են, որ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում զգալի լարվածություն է առաջացել աշխատակիցների և կառույցի ղեկավար Հակոբ Ավագյանի միջև:

 
Բանն այն է, որ Ավագյանը մասնագիտությամբ մետալուրգ է և ֆինանսիստ, որևէ առնչություն չունի առողջապահության համակարգի հետ, և ոլորտից նրա անտեղյակությունը անձնակազմի հետ էական հակասությունների պատճառ է դարձել:

Մասնավորաբար, «Փաստի» տեղեկություններով, Ավագյանի տեղակալները, որոնցից մեկն, ի դեպ, ըստ տեսչական մարմնում պտտվող խոսակցությունների, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հովանավորյալն է, այլևս չեն կարողանում հանդուրժել իրենց ղեկավարի պահվածքը:

 
Հավանական է համարվում, որ նրանք աշխատանքից ազատման դիմումներ ներկայացնեն վարչապետին՝ նրա ուշադրությունը հրավիրելով տեսչությունում տիրող իրավիճակի վրա: Կառուցի մեր աղբյուրը չբացառեց, որ տեղակալներին կմիանան նաև որոշ վարչությունների պետեր:

«Երկար տարիներ առողջապահության ոլորտում աշխատած, մասնագիտական մեծ ճանապարհ անցած և բավականին փորձառու մասնագետները պարզապես չեն հասկանում, թե ինչպես կարող է նման պատասխանատու ոլորտի ղեկավարումը հանձնվել մի մարդու, որը երբեք առնչություն չի ունեցել առողջապահության հետ, և վտանգել մի ամբողջ կառույցի բնականոն աշխատանքը»,-ասաց մեր զրուցակիցներից մեկը՝ հույս հայտնելով, որ կառավարությունը լուծում կտա խնդրին, և տեսչական մարմնի ղեկավար կնշանակվի ոլորտից հասկացող մարդ»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ»  թերթի՝ 18.02.20թ. համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել