Սահբա Բարակզայը, նրա ընտանիքն ու յոթ ամսական հասկի Ասեմանը յուրաքանչյուր ուրբաթ Աֆղանստանի արևմուտքում գտնվող տան մոտակայքում տեղակայված լեռներն էին գնում: Սակայն նախորդ ուրբաթ զբոսանքը ողբերգությամբ է ավարտվել. տղամարդկանց մի խումբ հանդիպել է ընտանիքին և կրակել Սահբայի շան վրա: Նրանք ասել են, որ կինն իրավունք չունի շուն ունենալու:

Այժմ նա վախենում է, որ իրեն հետապնդման կենթարկեն, քանի որ նա աֆղանացի աղջիկներին սպորտ է ուսուցանում:

«Մենք չգիտենք՝ ինչ նպատակ ունեն նրանք, սակայն կարծում ենք, որ պատճառը Սահբայի աշխատանքն է: Նա առաջին կինն է, որը հիմնել է իր սպորտային ակումբը, իսկ նման բանը մեզ մոտ ընդունված չէ»,- պատմում է Սահբայի քույրը:

Սպառնալիքներին Սահբան արդեն սովորել է: Նա արդեն 10 տարի է, ինչ երկրի՝ մեծությամբ երրորդ քաղաքում՝ Հերաթում, երեխաներին կարատե է դասավանդում: Նա նաև հիմնել է դեռահասների ու երիտասարդ կանանց համար նախատեսված հեծանվային ակումբ այն երկրում, որտեղ 20 տարի առաջ կանանց չէր թույլատրվում դպրոց հաճախել, աշխատել, տնից դուրս գալ առանց ամուսնու ուղեկցության:

Հերաթում դեռևս բանավոր արգելք է գործում կանանց՝ հեծանիվ քշելու վերաբերյալ: Շատերը դրան ագրեսիվորեն են նայում, սակայն Սահբան շարունակում է իր սիրած գործով զբաղվել: Ծնողները, բնականաբար, շատ են անհանգստանում իրենց դստեր համար:

«Մենք զբոսնում էինք, մեր պիկնիկը վայելում, ամեն ինչ շատ լավ էր: Մենք այդպես ենք անում ամեն շաբաթ: Սակայն նախորդ շաբաթ ընտանիքիս մոտեցավ մի տղամարդ, որը հովվի էր նման, և կրակեց Ասեմանին: Նրա հետ այլ տղամարդիկ ևս կային: Նա շան վրա չորս անգամ կրակեց, ապա ասաց, որ Սահբան՝ որպես կին, չի կարող շուն ունենալ»,- պատմում է Սահբայի քույրը:

Ընտանիքը ստիպված է եղել փախուստի դիմել: Թե ովքեր են եղել այդ տղամարդիկ և ինչ նպատակ են ունեցել, Սահբան այդպես էլ չիմացավ: Ոստիկանությանը դիմելը, ըստ նրա, աննպատակ էր: «Ես գիտեի, որ դա ոչինչ չի փոխի: Ամեն օր մեզ մոտ տասնյակ մարդիկ են զոհվում, և դա ոչ ոքի չի անհանգստացնում»,- ասել է նա:

Դժբախտ դեպքից հետո Սահբան որոշել է փակել իր սպորտային ակումբները և տեղափոխվել Իրան, որտեղ, հուսով է, կյանքն առավել անվտանգ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել