Aysor.am-ը գրում է.

Անվտանգությունը չի կարող Հայաստանի միակ գերակայությունը լինել Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում:

Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասել է «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը՝ մեկնաբանելով Մյունխենում տեղի ունեցած Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի քննարկումը:

«Արցախյան հակամարտության էությունը խեղաթյուրվում է, երբ խոսում ենք միայն անվտանգության մասին: Սա ինքնորոշման իրավունքի իրացման պայքար է, և անվտանգության խնդիրն առաջացել է ինքնորոշման իրավունքի համար Արցախի ժողովրդի արդար պայքարին Ադրբեջանի ագրեսիվ պատասխանի հետևանքով»,- ընդգծել է նա՝ ավելացնելով, որ կարգավորման ցանկացած սցենար առաջին հերթին պետք է ապահովի ինքնորոշման իրավունքի իրացումը, իհարկե, զուգահեռ լուծելով նաև Արցախի ժողովրդի անվտանգության խնդիրը:

«Անվտանգությունը կարևորագույն հարց է, սակայն երբ քննարկվում է փուլային կարգավորման տարբերակը, իսկ Հայաստանի ղեկավարը շեշտում է միայն անվտանգության խնդիրը՝ անտեսելով Արցախի կարգավիճակի կամ ինքնորոշման հարցերը, վտանգ է առաջանում, որ կարգավորման գործընթացը կարող է գնալ մեզ համար խիստ անցանկալի հունով: Արցախին կարող են անվտանգության երաշխիքներ խոստանալ, և ի՞նչ՝ այդ պարագայում մենք համաձայնելո՞ւ ենք փուլային կարգավորման՝ անորոշ հեռանկարով հետաձգելով կարգավիճակի հարցի վերջնական լուծումը», - ասել է փորձագետը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել