Hraparak.am-ը գրում է.

Հայտնի երգիչ «Սպիտակցի Հայկո»-ի վերաբերյալ քրեական գործը, որն առնչվում էր 2018թ. դեկտեմբերի 14-ին Խանջյան փողոցում տեղի ունեցած կրկնակի վրաերթին, կարճվել է։ Այս մասին «Հրապարակ»-ին փոխանցեց նրա փաստաբան Ռուբեն Բալոյանը։

«Հայկ Ղեւոնդյանը տվյալ վրաերթի մեջ անմեղ է, մահն էլ պատճառվել է առաջին մեքենայի հարվածի հետեւանքով։ Հայկ Ղեւոնդյանն անմեղ է եւ մահվան մեջ, ե՛ւ վրաերթի մեջ, գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով»,-նշեց նա։

Հարցին՝ անցած տարվա Ղեւոնդյանի մասնակցությամբ հայտնի ծեծի միջադեպով գործ հարուցվե՞լ է, փաստաբանը տվեց բացասական պատասխան․ «Էդ իր կողքի «կոլեգա» կոչվածներին իր հաջողությունները դուր չեն գալիս, հայկական տարբերակ ա, փորձում են վարկաբեկել։ Հիմա մարդը մի բաժակ ավել խմի, ավել բառ ասի, էդ վեճի վերաբերյալ գործ չի եղել, փորձում են մարդու վերաբերյալ կեղտ շպրտել, բայց դե չի կպնում էլի։ Առաջ հայերի մեջ տենց գիծ չկար, հիմա ցավոք սրտի ուժի մեջ ա, օգտագործվում ա էլի»։

Նշենք, որ ապրիլի 4–ին Հայկարամ Ղեւոնդյանին մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 244-րդ հոդվածի հատկանիշներով՝ վրաերթի հետեւանքով ասֆալտին ընկած հետիոտնին վրա անցման ենթարկելու եւ ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելու համար։ Նրա նկատմամբ, որպես խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

Հիշեցնենք նաեւ, որ այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունի նաեւ «Կիա Սորենտո» մակնիշի ՊՆ զինհամարանիշի ավտոմեքենայի վարորդ Արայիկ Չիբուխչյանը։

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ մեքենան վարելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ 

2018թ. դեկտեմբերի 14-ին ժամը 07:40-ի սահմաններում ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Ա.Չ.-ն, վարելով իրեն ամրակցված, զորամասի հաշվեկշռում գտնվող «Կիա Սորենտո» մակնիշի ՊՆ 0032 Մ զինհամարանիշի ավտոմեքենան, Երեւան քաղաքի Խանջյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն Քնարիկ Պետիկյանին՝ անզգուշությամբ առաջացնելով վերջինիս մահը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել