Երբ ժամանակին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը քննադատում էր ներկայիս սահմանադրությունը` կոչելով այն Սերժ Սարգսյանի համար կարված սուպերվարչապետական կոստյում, գալով իշխանության՝ նա մոռացավ իր քննադատությունների մասին և օրակարգից դուրս մղեց սահմանադրության ամբողջական փոփոխումը։ Այդ պահից սկսած` ինձ համար պարզ դարձավ, որ նա հերթական անգամ ստել է` բացասական գնահատելով գործող սահմանադրությունը կամ էլ սկսել է իրեն հարմարավետ զգալ նրանում...

Փորձեր անելով ՍԴ ներկայիս դատավորներին կաշառել և չհասնելով ցանկալի արդյունքի` ապրիլի 5֊ին հանրաքվե է նախաձեռնել, որի միակ նպատակն այն է, որ հեռացնի ներկայիս կազմը և փոխի նրանց անձամբ իր համար վստահելի կադրերով։ Ինձ համար խեղկատակություն է, որ զուտ սեփական քիմքին հաճո լինելու համար համապետական հանրաքվե անցկացվի...

Եթե հանրաքվեի նպատակը լինեին, օրինակ, սահմանադրության ավելի լայն փոփոխությունները, այլ ոչ թե այդ մեկ հոդվածը, ապա գուցե ողջունելի լիներ` կախված, թե ինչ մակարդակի փոփոխություններ կնախաձեռնեին իշխանությունները։

Չնայած վերջերս ականատես եղանք, թե ինչպես այդ նույն սահմանադրական փոփոխության նախագիծը, որը նախատեսում էր ընդամենը մեկ հոդված փոխել, երեք անգամ ԱԺ արտահերթ նիստ գումարելու պատճառ դարձավ` պատճառաբանելով տարբեր տեխնիկական խնդիրներ, ինչպես նաև միջազգային կառույցների կողմից խիստ բացասական գնահատականների արժանացավ։ Դա ևս մեկ անգամ ապացուցեց, որ ներկայիս իշխանությունները, մեղմ ասած, ոչ պրոֆեսիոնալ են և ունակ չեն ավելի լայն փոփոխությունների փաթեթ մշակելու, այն էլ՝ օրենքի սահմաններում...

Այս սահմանադրական փոփոխությունը կյանքի կոչվելու դեպքում շատ խնդիրներ է առաջ բերելու: Օրինակ` չափազանց բարդ է լինելու ապագայում ազատվել այս իշխանություններից, եթե նման հանրային պահանջ ձևավորվի։ Պետք չէ նաև մոռանալ, որ օդում կախված բազում լուրեր կան, թե այս ամենն արվում է նրա համար, որպեսզի ապագայում Ստամբուլյան կոնվենցիան վավերացվի և այլ վտանգավոր օրինագծեր ևս, որոնց մասին խոսել են շատերը...

Որպեսզի հանրաքվեն չտապալվի, իշխանությունները սև խաղացողներ են փնտրում քաղաքական դաշտում, որոնց հաշվին քարոզարշավը կառուցելով՝ հանրության անհրաժեշտ թվով քաղաքացիների կտանեն ընտրատեղամասեր, որպեսզի այդ հակասահմանադրական փոփոխությունը կյանքի կոչվի...

Հ.Գ. Քոչարյանի աջակիցները, ՀՀԿ, ԲՀԿ, ԼՀԿ, ՀՅԴ՝ խորհրդանարանական ու արտախորհրդարանական ներուժ ունեցող քաղաքական միավորները դեմ են հակասահմանադրական հանրաքվեին և չեն մասնակցելու այդ գործընթացին։ Պարոնայք իմ քայլԱԿԱՆՆԵՐ, ո՞վ է լինելու «սև սատանան», որի մասին առասպելներ հորինելով 650.000 ընտրող եք ուղեկցելու ընտրատեղամասեր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել