Hraparak.am-ը գրում է.

Փետրվարի 12-ին Ազգային ժողովում ի պատասխան պատգամավոր Աննա Կոստանյանի հարցին, թե ինչու է ՀՊՏՀ ռեկտորի ժ/պ Դիանա Գալոյանի արտագրությունները քննող հանձնաժողովը բաղկացած վերջինիս մտերիմներից (գիտական ղեկավար, անմիջական ենթակա, երկարամյա ընկեր), ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, փորձելով ինչ-որ կերպ արդարացում գտնել այդ ակնհայտ շահերի բախմանը, ասաց հետևյալը.

«Գալոյանի հանձնաժողովի անդամների մեծ մասը նաև նախորդ հանձնաժողովի մեջ է եղել (նկատի ունենալով ռեկտորի նախորդ ժ/պ-ի համար ստեղծված հանձնաժողովը): Եվ էդ հանձնաժողովի ընտրությունը պայմանավորված էր նաև նրանով, որ մի աշխատանքը, որ նայել են, նաև մյուս աշխատանքը նայեն»:

Սակայն բացահայտվել է, որ Ա. Հարությունյանը, չիմանալով ինչ ասել և վարչապետի ներկայությամբ ինչպես հիմնավորել կոռուպցիոն հանձնաժողովի կազմը, պարզապես ստել է, որովհետև նախորդ հանձնաժողովի 10 անդամներից միայն 1-ն է ներառվել նոր հանձնաժողովում:

Հարգելի՛ պարոն նախարար, 

իհարկե լավ է, որ Դ. Գալոյանի արտագրությունների և ուրիշի առաջարկություններն իրեն վերագրելու փաստը ֆիքսվել է, և հիմա պիտի լուծում գտնեք, սակայն վատ է, որ ստում եք: ԽԾԲ-ական ու շահերի բախմամբ հանձնաժողովը նույնիսկ տեսականորեն չի կարող կողմնակալ չլինել, իսկ գործնականում անդամները իրենց բարեկամի արտագրությունների և նույնալեզու «copy paste»-ների 10%-ն են միայն ֆիքսել, այն էլ՝ մեր և մամուլի ճնշման պատճառով։

Իսկ միգուցե Դուք չե՞ք իմացել Ձեր ստեղծած հանձնաժողովի կազմը, և ամեն ինչ Ձեր տեղակալ ու Դ. Գալոյանի «մտերիմ ընկեր» Գրիշա Թամրազյա՞նն է գաղտնի արել:

Շահերի բախումը և ԱԺ ամբիոնից կեղծ տեղեկատվությամբ դրա միտումնավոր կոծկումը այնքան բացահայտ են, որ բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովն այժմ պարտավոր է քննել այս գործը և լուծումներ առաջարկել:

«Հանուն որակյալ կրթության» նախաձեռնություն

Հիշեցնենք, որ մենք օրերս գրել էինք, որ Ուսանողների պահանջն այնքան հետեւողական էր, որ կրթության նախարարությունը ստիպված եղավ մասնագիտական հանձնաժողով ստեղծել, որի կազմում կային նաեւ Գալոյանի ուսանողներն ու մտերիմները, սակայն ուսանողներն աչալուրջ էին եւ վերջապես օրերս հանձնաժողովը հրապարակել է իր եզրակացությունը Գալոյանի դոկտորական աշխատանքի վերաբերյալ եւ որոշ մասերով ընդունել, որ այդ աշխատանքում խնդիրներ կան։

Ըստ այդ եզրակացության՝ ատենախոսությունում կան որոշ հատվածներ, որոնք փոխառված են՝ առանց սկզբնաղբյուրը նշելու։ Մինչդեռ «Հանուն որակյալ կրթության» նախաձեռնությունը պնդում էր, որ նրա դոկտորական ատենախոսության 3.1 ենթագլխում ծայրից ծայր արտագրված է՝ առանց սկզբնաղբյուրը նշելու։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել