Armlur.am-ը գրում է․

Զիվորների մահացության աղմկահարույց դեպքերի շուրջ ArmLur.am-ը զրուցել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ:

-Պարո՛ն Բաբայան, բանակում մահացության դեպքերը մտահոգվելու լուրջ տեղիք են տալիս: Ի՞նչ է մտածում Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ի՞նչ է անում մահացության դեպքերը կանխելու համար:

-Մանրակրկիտ ձևով պետք է բոլոր դեպքերը վերլուծվեն: Սա ցույց է տալիս, որ լուրջ խնդիր կա, ի՞նչն է խնդրի էությունը, ով է մեղավոր, արդյոք դա կապված է բանակի կարգապահության, հրամանատարական կազմի հետ, թե՞ ավելի խորն են թաքնված խնդիրները: Սա ահազանգ է բոլորիս համար: Անթույլատրելի է այս փուլում սպեկուլիացիաներ անելը: Այս դինամիկան շատ վտանգավոր է, և որը պահանջում է շուտափույթ լուծումներ, որպեսզի թույլ չտանք արատավոր երևույթները զարգանան:

-Պարո՛ն Բաբայան, կոնկրետ ի՞նչ է արել Բակո Սահակյանը այս դեպքերը կանխելու համար: Ինչո՞ւ մինչև հիմա մեղավորները պատասխանատվության չեն ենթարկել: 

-Համապատասխան ցուցումներ կան, համապատասխան կառույցները զբաղվում են:

-Ի՞նչ ցուցումներ և ո՞ւմ նկատմամբ:

-Ցուցումներ համապատասխան կառույցներին, որպեսզի աշխատանքներ տարվեն դեպքերը բացահայտելու համար: Սա միայն բանակի խնդիրը չէ, սա նաև Ազգային անվտանգության ծառայության, Դատախազության, Ռազմական դատախազության խնդիրն է: Կարևորը բացահայտումն է, որպեսզի իմանանք բուն պատճառները: Ի՞նչ է իրականում տեղի ունենում, ի՞նչ է սա:

-Ինչո՞ւ է Արցախի Պաշտպանության նախարարը մինչև հիմա ազատման դիմում չի ներկայացրել: Ո՞վ պետք է պատասխանատվություն կրի:

-Քավության նոխազներ եկեք ման չգանք, որովհետև խնդիրը շատ ավելի լուրջ է և նախարարի ազատվել կամ չազատվելով այդ հարցերը չի որոշվում: Մենք պետք է պարզենք՝ նախարարն է պատասխանատու, թե՞ ինչ-որ այլ պաշտոնյա, հրամանատար է պատասխանատու: Պետք է պազենք, երբ մենք սկսում ենք քավության նոխազներ գտնել, հարցին լուծում չենք տալիս: Դա ամենահեշտ, ամենազգացմունքային, ամենապոպուլիզմ պահն է: Վերցնենք հանենք-նստացնենք, բայց պետք է ստուգենք, որն է պատճառը, արդյոք դպրոցից է գալիս, մշակույթն է, թե հրամանատարական խնդիրն է: Սա պետք է համապարփակ լուծում գտնի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել