Hraparak.am-ը գրում է.

Երրորդ օրն է, հայրենական մամուլը գրում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Կասպշիկի եւ այսպես կոչված՝ «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավար» Թուրալ Գյանջալիեւի հանդիպման մասին:

Ընդ որում, իրավիճակը ներկայացվում է այնպես, որ Կասպշիկը գոհունակություն է հայտնել, որ «մեջլիսում այսուհետեւ կլինի նաեւ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ»: 

Ադրբեջանում Միլլի մեջլիսի առաջին ընտրություններ անցկացվել են 1995թ.: Եւ միշտ էլ այնտեղ «ընտրվել են Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներ»: Ադրբեջանի օրենսդրությամբ նախկին ԼՂԻՄ տարածքում ստեղծված է երկու՝ «Խանքենդիի եւ Շուշի-Խոջալու-Խոջավենդի ընտրատարածք»: 1995թվականից ի վեր երկրորդ «ընտրատարածքն» վամրագրված է Խոջալուի «գործադիր իշխանության ղեկավար,»Էլման Մամեդովին, որն, ի դեպ, փետրվարի 9-ին վերընտրվել է: Նորությունն այն է, որ այս անգամ Միլլի մեջլիսի պատգամավոր է «ընտրվել» Թուրալ Գյանջալիեւը, որը 2016թվականից համատեղում էր ԱԳՆ աշխատակցի եւ «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավարի» պաշտոնը:

ԼՂ կարգավորման բանակցային գործընթացի բոլոր փուլերում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բաքու այցելության ժամանակ մշտապես հանդիպել են նաեւ «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավարի» պետ: Նախկինում, սակայն, այդ անձնավորությունը Միլլի մեջլիսի պատգավոր չէր: Նորությունը, թերեւս, այն է, որ Իլհամ Ալիեւը որոշել է «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համանյնքի ղեկավարին» օժտել պատգամավորական մանդատով: Ըստ երեւույթին, դա արվել է, որպեսզի Թուրալ Գյանջալիեւն ընդգրկվի ԵԽԽՎ-ում Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակության կազմում: Բացառված չէ, որ հենց նա էլ գլխավորի այդ պատվիրակությունը: Սա, իհարկե, դիվանագիտական մարտահրավեր է, որն արդյունավետ դիմակայելու համար պետք է փնտրել եւ գտնել հակազդեցության արդյունավետ միջոցներ եւ եղանակներ: Բայց քարոզչական ֆոն ստեղծել, թե առաջին անգամ է, որ ԵԱՀԿ ներկայացուցիչը հանդիպում է «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավարի» հետ կամ ինչ-որ կոնսպիրոլոգիական սցենարներ մատուցել՝ նշանակում է կամ ոչինչ չիմանալ ԼՂ կարգավորման բանակցային գործընթացից, կամ փորձել մանիպուլյացիայի ենթարկել հանրային կարծիքը՝ պարզ ներքաղաքական հաշվարկով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել