ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը տեսաուղերձով է հանդես եկել և մեկնաբանել այն փաստը, որ ժամանակին դատված է եղել, մեկ տարի անցկացրել է բանտում և իր ինքնակենսագրությունը սրբագրել է։

Պարոն Պապիկյանը չի հերքել այս տեղեկությունը, սակայն զարմանալիորեն նեղսրտել է այն փաստից, որ իր անցյալից որոշ մութ դրվագներ հանրայնացվել են, ու փորձում է այդ ամենում մեղավորների գտնել։

Ըստ պարոն Պապիկյանի՝ իր դատվածության մասին տեղեկությունը գաղտնի չի եղել, և իր բոլոր ընկերները դա իմացել են։ Հետաքրքիր է, ՏԿԵՆ ղեկավարն իրո՞ք պրիմիտիվ է, թե՞ դիմացիններին է պրիմիտիվի տեղ դրել։ Չի հասկանո՞ւմ, որ եթե նա ժամանակին հասարակ դատված քաղաքացի է եղել, և այդ մասին իր բոլոր ընկերներն իմացել են, դա չի նշանակո՞ւմ, որ այդ մասին տեղյակ է նաև հասարակությունը, որին պարոն Պապիկյանը պարտավոր էր ներկայացնել իր չկեղծված կենսագրությունը՝ որպես պատգամավորի թեկնածու, իսկ հետագայում էլ՝ որպես նախարար։ Միամիտ ձևացող պարոն Պապիկյանը շատ լավ հասկանում է, որ ինքը հանրային անձ է և պարտավոր է իր անցյալի լուսավոր և մութ էջերի մասին տեղյակ պահել հասարակությանը ու չփորձել իր անցյալի հանրայնացման մութ էջերը բացահայտելու համար մեղավորների փնտրել և հայտարարել, որ իր դատվածության մասին այդ տեղեկությունն իբրև թե վերաբերում է միայն իր անձնական կյանքին։

Լավ կլիներ՝ պարոն Պապիկյանը ներողություն խնդրեր հանրությունից, որ թաքցրել է իր դատվածության մասին տեղեկությունը, ինչպես ամենաքիչը կաներ արդար քաղաքական գործիչը, այլ ոչ թե ագրեսիվ հռետորաբանությամբ հանդես գար և իր մութ անցյալի վերաբերյալ արտահոսքի մեղավորներին փնտրեր։

Հ.Գ. Ամեն դեպքում, տեսնելով վարչապետ Փաշինյանի կադրային բազան, ուրախացա, որ պարոն Պապիկյանը բռնաբարության կամ մարդասպանության համար չի դատվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել