Hraparak.am-ը գրում է․

Հեմոդիալիզի գնումների գործով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող ՊՎԾ պետի պաշտոնը նախկինում զբաղեցրած Դավիթ Սանասարյանի պաշտպանի միջնորդությունը՝ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ, դատարանը մերժեց։

Հիշեցնենք՝ նախորդ նիստին պաշտպանական կողմը միջնորդություն էր ներկայացրել՝ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ։ Որպես հիմնավորում ներկայացրել էին այն, որ այս գործը քննել է ԱԱԾ֊ն, մինչդեռ այն պետք է քններ ՀՔԾ֊ն։

Դատախազը  առարկել էր միջնորդության դեմ՝ նշելով, որ այն անհիմն է։

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Դավիթ Սանասարյանը, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու եւ ազատելու, կարգապահական տույժի ենթարկելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ եւ փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաեւ չի կատարել իր ծառայողական պարտականությունները:

Ըստ  մեղադրանքի՝ Սամվել Ադյանը Գեւորգ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ, 2018-2019թթ. ընթացքում ապօրինի կերպով միջամտել են վերահսկվող օբյեկտներ հանդիսացող ՀՀ առողջապահության նախարարության, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եւ «Վանաձոր» բժշկական կենտրոնների կարիքների համար անհրաժեշտ բժշկական սարքավորումների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերին` պարտադրելով փոփոխել ինչպես ավտոկլավի տեխնիկական բնութագիրը, այնպես էլ հեմոդիալիզի սարքերի շահագործման փաստաթղթերով նախատեսված դիալիզատորների տեխնիկական բնութագրերը եւ կազմել բժշկական կենտրոնների իրական կարիքներից եւ սարքերի շահագործման փաստաթղթերից չբխող նոր տեխնիկական բնութագրեր՝ նպատակ ունենալով հայտարարված մրցույթներում ապահովել իրենց հետ փոխկապակցված «Զորաշեն» ՍՊ ընկերության հաղթանակը: Ընդ որում, գնման գործընթացներին մասնակցող ծառայողների կողմից ապօրինի պահանջները կատարելուն ընդդիմանալու դեպքում, ՀՀ պետական վերահսկողական ծառայության պաշտոնատար անձինք սպառնացել կամ փաստացի նախաձեռնել են ուսումնասիրություններ:

Տարոն Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, «Զորաշեն» ՍՊ ընկերության տնօրեն Հայկ Կարապետյանի կողմից տրված լիազորագրերով ստանձնելով ընկերության փաստացի ղեկավարումը եւ հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար` Սամվել Ադյանի մտերիմ ընկերը, վերջինիս եւ նույն վարչության գլխավոր մասնագետի պաշտոնակատար Գեւորգ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ՝ միջոցներ եւ տեղեկություններ տրամադրելու, խոչընդոտները վերացնելու եղանակով, օժանդակել է նրանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելուն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել