Երեկ հայտնի դարձավ, որ ԵԱՀԿ հանձնակատար Անջեյ Կասպրշիկը հանդիպել է, այսպես կոչված, «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ներկայացուցչի հետ ու գոհունակություն հայտնել, որ ադրբեջանական մեջլիսում այսուհետ կլինի նաև Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ: Երբ լրագրողները փորձեցին ՀՀ ԱԳՆ-ից այս առթիվ մեկնաբանություն կորզել, մեր ԱԳՆ, ըստ էության, չմեկնաբանեց այն փաստը, որ ԵԱՀԿ-ն հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղն այսուհետ ներկայացուցիչ ունի Ադրբեջանի խորհրդարանում:

Սա երկու տարի առաջ ակտիվ շրջան մտած «օպերացիա Փաշինյան» բազմաքայլանի կոմբինացիայի հերթական փուլն էր: Դրան նախորդել էր նույն ադրբեջանցու հետ ԱՄՆ դեսպանի հանդիպումը, եվրոպական կառույցների աջակցությունը, Փաշինյանի բազմակի պնդումները, որ լուծումը պիտի ընդունելի լինի նաև ադրբեջանցիների համար և այլն... Ողջ սցենարն ակնհայտ դարձավ Ժնևի երկօրյա Չբանակցություններից անմիջապես հետո, երբ ՀՀ ԱԳՆ-ն կիրառեց, հետո էլ վերահաստատեց «Լեռնային Ղարաբաղի ընտրյալ ներկայացուցիչներ» ձևակերպումը: 1992 թ.-ի մարտին կիրառված այս ձևակերպումը ենթադրում էր ազատագրված Արցախի հայերի ու դեռևս չազատագրված Արցախի, մասնավորապես՝ Շուշիի ադրբեջանցիների ներկայացուցիչների բանակցություն հետագա համակեցության կանոները մշակելու համար: Ի հեճուկս 1992 թվականի ՀՀ իշխանությունների՝ հայկական կողմը Շուշիի ադրբեջանցիքի հետ ոչ թե բանակցության գնաց, այլ «հարսանիքի լեռներում»: Պլանը տապալվեց: Այդ օրվանից սկսած ԵԱՀԿ-ն, Ադրբեջանը, Լևոն Տեր-Պետրոսյանը և իր թայֆեն մուռ են հանում «հարսանիքի» հեղինակներից ու մասնակիցներից:

Ստեղ կարևոր է հասկանալ, որ այսպես կոչված «երկու համայնքների ընտրյալ ներկայացուցիչները» քննարկման այլ թեմա, քան համակեցության կանոնները, չեն կարող ունենալ: Եթե հեռավոր 1992-ի մարտին ենթադրվում էր, որ դեռ չազատագրված Շուշիի «ադրբեջանական համայնքը» պիտի մնացած Արցախի հայերի հետ որոշեր` ո՞նց են իրար հետ ապրելու, ապա հիմա էլ նույն ձևաչափի մեջ որևէ այլ օրակարգ չի կարող լինել: Եվ սա անընդհատ վերահաստատում է մեր փոքրիկ լիրիկը՝ պնդելով, որ լուծումը պիտի ընդունելի լինի ադրբեջանցիների համար: Միանշանակ ստում են բոլոր այն պաշտոնյաները, պատգամավորներն ու պսևդոերկրապահները, որոնք հերքում են այն ՓԱՍՏԸ, որ բանակցությունները գնում են հենց այսպես կոչված «ադրբեջանցի փախստականներին» Արցախ վերադարձնելու շուրջ:

Ու շարունակելու են ստել: Այնպես, ինչպես ստում էին Բրատիսլավայի մասին: Այնպես, ինչպես Նիկոլը բռնեց ու Մերկելի կեղծ ելույթը տարածեց: Այնպես, ինչպես նույն Նիկոլը ՍԴ-ի մասին գերմանացի լրագրողի հարցին պարզապես սուտ տեղեկություն տվեց, ոչ թե մանիպուլյատիվ կամ սպեկուլյատիվ, այլ պարզապես սուտ, հորինված, գոյություն չունեցող:

Խնդիրն այն է, որ Արցախում պետք է լինի այնպիսի իշխանություն, որը կհամաձայնի սեփական սուբյեկտայնությունն այնքան ստորադասել, որ բանակցի ոչ թե կոնֆլիկտի կողմ հանդիսացող ու կոնֆլիկտը հրահրած Ադրբեջանի իշխանության հետ, այլ ինչ-որ ՀԿ-ի ներկայացուցչի, որը պնդում է, որ Արցախ պետք է վերադառնան այնտեղից իբր թե փախած 800,000 ադրբեջանցի:

Այս ուղղությամբ Նիկոլը շատ ակտիվ քայլեր է ձեռնարկում: Հավաքագրվել են բավական քանակի «հեղափոխականներ», այդ «հեղափոխականները» բաժանվել են իրար դեմ հակամարտող խմբերի և պատրաստվում են իքս ժամին: Նիկոլը ոչ թե նախընտրելի թեկնածուներ էր փնտրում, այլ իրար հետ բախման գնացող խմբեր էր ստեղծում: Անկախ ընտրությունների արդյունքից՝ կողմերից մեկը պետք է չընդունի պարտությունը ու գնա բախումների: Իրեն ոչ թե Արցախի նախագահ է պետք, այլ քաոս, որի միջից նա կընտրի ՀԿ-ի տնօրենին հավասարազոր մեկին ու հետը կտանի մի եվրոպական քաղաքում բանակցելու ադրբեջանցիների «վերադարձը»:

Մյուս կողմից քայլեր են ձեռնարկվում չեզոքացնելու այն ուժերին, որոնք վերոհիշյալ բախումները կարող են սաստել: Այս նպատակով վերակենդանացվել է ժամանակին սնանկացած լևոնական կենդանիների մի խումբ, որոնք «4-րդ իշխանության» անվան տակ պիտի ատելություն քարոզեն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ՝ առաջին հերթին պնդելով, որ արցախցիները սպանում են հայաստանցիներին, որպեսզի մուռ հանեն Նիկոլից: Դա բառացիորեն գրված էր այդ «4-րդ իշխանության» հոդվածի վերնագրում:

Արցախի առողջ ուժերը, ըստ այդմ, միայն մեկ բան կարող են հակադրել այս ծրագրին․ նրանք հերթով պետք է հայտարարեն, որ չեն պատրաստվում բանակցել կարգավորման որևէ լուծում այլ սուբյեկտի հետ, քան Ադրբեջանի իշխանության: Պետք է ստեղծել իրավիճակ, երբ նախագահական ընտրությունների բոլոր թեկնածուները հստակ կասեն, որ ինչ-որ ՀԿ-ի տնօրենի հետ չեն նստի մի սեղանի շուրջ ու երբեք չեն բանակցի այսպես կոչված «փախստականների» վերադարձի հարցի շուրջ:

Մինչդեռ Հայաստանում համապատասխան օղակները պիտի անեն այնպես, որ Արցախի ավանտյուրիստները հասկանան, որ մոտակա շաբաթների ընթացքում Նիկոլի վիճակն անհամեմատ ավելի ծանր է լինելու, քան Լևոնինը 1998-ին... Հանրաքվե պետք է լինի, ու այդ հանրաքվեում Նիկոլն ու իր շնաբարո լևոնական դուրսպրծուկների թայֆը պիտի ծծի մեր վատատեսությունը:

Հ.Գ. Սրա հետ մեկտեղ հասունանում է «Ադեկվադի» խաղաղասիրական նախաձեռնության նոր փուլը․ Արմեն Սարգսյանին նավթ մատակարարելու հետ մեկտեղ «Ադեկվադի» անդամները, կարծում եմ, պետք է ԵԱՀԿ-ի կամ ԵՄ-ի երևանյան գրասենյակին առաջարկեն կազմակերպել Նախիջևանի հայ համայնքի վերաբնակեցումը հայրենի հողում: Հին նախիջևանցիներով գնանք իրենց գրասենյակի դռան դեմը, ապրենք այնքան, մինչև մեզ մեր հայրենի հողը վերադարձնեն ու հետներս էլ մեր անվտանգությունը ապահովող խաղաղապահ բրիգադ կցեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել