Hraparak.am-ը գրում է.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում հնչեցրած վերջին ելույթում նա հիշեց հայաստանյան պատմական ընտրախախտումների դեպքերը. «…Սահմանադրական դատարանը երրորդ հանրապետությունում դարձել է տանիք՝ ընտրությունների կեղծման, ապօրինի իշխանության գոյության, իշխանության բռնազավթման համար: 1996, 1998, 2003, 2008, 2013 թվականների նախագահական ընտրություններում ՍԴ-ն դարձել է այն գործիքը, որով ժողովրդին թույլ չի տրվել իրացնել երկրում իշխանություն ձեւավորելու իր իրավունքը: Որովհետեւ Սահմանադրական դատարանն ամեն անգամ պլշած աչքերով իրեն նայող ՀՀ քաղաքացուն բացատրել է, որ ինքը, այսինքն՝ քաղաքացին, չի կարող երկրում իշխանություն ձեւավորել, որովհետեւ դա հակասում է իրավակիրառ պրակտիկայի նախադեպային տրամաբանության հատուկ մասի սանկցիոն կանխավարկածի կոնվենցիոնալ զսպման անհրաժեշտությանը․․․ Հետո ՍԴ անդամներն ու նախագահը գրքեր են գրել իրավակիրառ պրակտիկայի նախադեպային տրամաբանության հատուկ մասի սանկցիոն կանխավարկածի կոնվենցիոնալ զսպման անհրաժեշտության մասին, կարդացել դասախոսություններ, պաշտպանել են դոկտորական թեզեր:

Բայց այդպես էլ չեն կարողացել պատասխանել մի պարզ հարցի. բա քվեաթերթիկների լցոնումները, բա ընտրությունների եկող մեռած հոգիները, բա ընտրակաշառքները, բա վստահված անձանց ու դիտորդների ծեծը, բա աշխատանքից ազատելու սպառնալիքները, բա հեռուստաեթերի տոտալ վերահսկումը»: 

Այն, ինչ ասում էր Փաշինյանը, գլոբալ առումով ճիշտ է: Բայց ի՞նչ կապ ունի այս ամենի հետ Հրայր Թովմասյանը, ով հայտնվել է Փաշինյանի թիրախում եւ դարձել համապետական հանրաքվեի առիթ: Նշված ընտրություններում Թովմասյանը չի եղել ՍԴ նախագահ, առավել եւս՝ ԿԸՀ նախագահ: Նա այդ տարիներին զբաղվել է դասախոսական աշխատանքով, կարճ ժամանակ եղել է արդարադատության նախարար, զբաղեցրել է տարբեր պաշտոններ եւ ընտրությունների ժամանակ չէր կարող գլխավոր դերակատար լինել: Հրայր Թովմասյանն ընդամենը 2018-ի մարտի 21-ին է ընտրվել ՍԴ նախագահ: Իսկ դրանից հետո որեւէ ընտրական գործընթաց,  ընտրությունների որեւէ արդյունք ՍԴ-ում չի վիճարկվել: Թովմասյանի նախագահած ՍԴ-ն նման գործեր չի քննել: Ընտրակեղծարարության հիմքը դրվել է Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք:

Իսկ այդ ժամանակ Հայաստանի ընտրությունների կազմակերպմանը եւ ընտակեղծիքների մեխանիզմների մշակմանն ակտիվորեն մասնակցել է Փաշինյանի այսօրվա թիմակից Գագիկ Ջհանգիրյանը, որին համարում են Հայաստանում ընտրակեղծարարության հիմնադիրը: Ի՞նչ գործ ունի ընտրակեղծարարության հիմնադիրն արդար ընտրությունների ջատագով Փաշինյանի թիմում: 
2011-ից ԿԸՀ նախագահն է Տիգրան Մուկուչյանը, որի ձեռքի տակով մի քանի համապետական ու ՏԻՄ ընտրություններ են անցել, 2015 թ․ հանրաքվեն: Իսկ թե ինչպես են անցել այդ ընտրություններն ու հանրաքվեն, բոլորս գիտենք: Արդյունքում Մուկուչյանը ստացել է թվանկարչի «տիտղոս»:

Մուկուչյանի մասին ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանն անեկդոտ էր պատմում: Իսկ որտե՞ղ է հիմա Տիգրան Մուկուչյանը, ընտակեղծիքների համար Փաշինյանի կողմից ենթարկվե՞ց պատասխանատվության, չէ՞ որ վերջինս եկել է իշխանության՝ երկիրն «անարդարությունից ու կեղծիքից մաքրելու» համար: Մուկուչյանն այսօր էլ աշխատում է ԿԸՀ նախագահի պաշտոնում, շարունակում է կազմակերպել-ղեկավարել համապետական ընտրությունները, կկազմակերպի նաեւ ՍԴ-ին առնչվող այս հանրաքվեն: Ի՞նչ պատահեց, ի՞նչ փոխվեց՝ Մուկուչյանը կերպարանափոխվե՞ց, «սրբադասվե՞ց», թե՞ ապաշխարեց Փաշինյանի մոտ, ինչպես գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Իսկ գուցե այսօր էլ նա Փաշինյանի ուզած թվերն է խփում, ինչպես ժամանակին՝ Սերժ Սարգսյանի: ԱԺ իր ելույթում Փաշինյանը Մուկուչյանի բոլոր մեղքերը հերթական մանիպուլյացիայով բարդեց Հրայր Թովմասյանի վրա՝ նրան պաշտոնանկ անելու համար հասարակության ոչ գրագետ հատվածի աջակցությունն ստանալու նպատակով: 

Իր ելույթում Փաշինյանը հիշատակեց նաեւ ՍԴ նախագահ Վահե Գրիգորյանին՝ ասելով, որ ՍԴ-ում կշարունակեն պաշտոնավարել 2 նորանշանակ դատավորները՝ դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված եւ ԱԺ-ի կողմից ընտրված Արման Դիլանյանը եւ նախագահի կողմից առաջադրված եւ ԱԺ-ի կողմից ընտրված Վահե Գրիգորյանը, նա, ով ՍԴ-ում հայտնվելով՝ սկսեց զբաղվել իրավական խառնակչությամբ:

Նա ՍԴ այն անդամն է, ով երկար ժամանակ աշխատանքի չի գնում, որեւէ պաշտոնական գործառույթ չի իրականացնում, բայց ստանում է ամսական 793 հազար դրամ աշխատավարձ, օգտվում է ծառայողական ավտոմեքենայից եւ դրա համար նախատեսված 240 լիտր բենզինից: Կապանյան ասուլիսի ժամանակ լրագրողը վարչապետին հարց ուղղեց՝ կապված Գրիգորյանի անաշխատ եկամտի հետ: Փաշինյանը ձեւացրեց, թե տեղյակ չէ, որ նման բան կա: Փաշինյանը, ով իրեն հռչակել է անարդարության դեմ պայքարի ջատագով, Երեւան վերադառնալուց հետո պետք է հանձնարարեր շատ արագ պարզել դա եւ Վահե Գրիգորյանից ետ գանձեր ու պետական բյուջե վերադարձներ նրա անաշխատ եկամուտը: Այսօր դպրոցների ու մանկապարտեզների այն պահակները, ովքեր ժամանակին մի քիչ լավ չեն աշխատել, պետբյուջե են վերադարձնում ստացված չնչին աշխատավարձերը: Իսկ Վահե Գրիգորյանը, պարզվում է՝ վերի արտի ցորենն է, քանի որ Փաշինյանի սրտի ՍԴ նախագահացուն է…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել