Tert.am-ը գրում է.

«Սասնա ծռերի» մի խումբ անդամներ փետրվարի 12-ին փակել էին Երևան-Գյումրի ճանապարհի Արթիկի հատվածը՝ պահանջելով ազատ արձակել ՊՊԾ գնդի գրավման ժամանակ 3 ոստիկանի սպանության համար մեղադրվող Սմբատ Բարսեղյանին ու Արմեն Բիլյանին։

ՊՊԾ գնդի գրավման գործով բոլոր ամբաստանյալների խափանման միջոցը փոխվել է չհեռանալու մասին ստորագրությամբ կամ գրավով ազատմամբ, մինչդեռ միայն Սմբատ Բարսեղյանն ու Արմեն Բիլյանն են, որ շարունակում են մնալ կալանքի տակ:

Ակցիան, որի մասնակիցները Նիկոլ Փաշինյանին, մասնավորապես, կոչ են արել սթափվել՝ նրան հիշեցնելով իր այն խոսքերը, թե «Սասնա ծռերը» ահաբեկիչներ չեն, հետաքրքիր է հատկապես իշխանություններ-«Սասնա ծռեր» հարաբերությունների իրական ռեժիմի վերծանման տեսանկյունից. ի՞նչն է ստիպել այդ ուժի համակիրներին գնալ նման քայլի, գործ ունենք ինչ-որ բեմականացման հե՞տ, թե՞ Նիկոլ Փաշինյանին ու «Սասնա ծռերին» միմյանց կապող ներքին խողովակներն են խցանվել՝ ստիպելով վերջիններիս սեփական դժգոհությունն արտահայտելու նման ճանապարհ ընտրել:

Այն, որ «Սասնա ծռերի»՝ Նիկոլ Փաշինյանից ունեցած ակնկալիքները չեն սահմանափակվում սեփական անդամների ազատ արձակմամբ, ավելի քան ակնհայտ է, և այս իմաստով վերոհիշյալ բողոքի ակցիան արժե դիտարկել շատ ավելի լայն կոնտեքստում. ի սկզբանե հեղափոխությանը թևութիկունք կանգնելու «Սասնա ծռերի» պատրաստակամությունը, Նիկոլ Փաշինյանին ցուցաբերված աջակցությունը, որի  վառ դսևորումներից մեկն էլ նախորդ տարվա սեպտեմբերին նրանց միջև կայացած աղմկահարույց հանդիպումն էր, չէր կարող պատահական լինել, և այս ընթացքում մեկ անգամ չէ, որ նույն «Սասնա ծռերը» հասցրել են հստակ ձևակեպել Փաշինյանից ունեցած իրենց ակնկալիքները, որոնք ավելի շատ կարող են գնահատվել՝ ուլտիմատումներ, քան՝ կառուցողական առաջարկներ:

Նիկոլ Փաշինյանին հեղափոխության իրական օրակարգից շեղվելու մեջ պարբերաբար մեղադրող «Սասնա ծռերի» կարկառուն դեմքերից նույն Ժիրայր Սեֆիլյանն «Ինչպես դուրս գալ ճգնաժամից» վերտառությամբ իր ֆեյսբուքյան գրառմամամբ  վերջերս կետ առ կետ ձևակերպել էր իշխանություններից ունեցած ակնկալիքները՝ «կանխել նախկինների վերադարձը», «պետության կառավարումը դնել ճիշտ հունի մեջ», «հաստատել սահմանադրականություն», «կազմել ազգային համաձայնության (հակաճգնաժամային) կառավարություն», «նախորդ ռեժիմներին տալ իրավաքաղաքական գնահատական», «կազմակերպել անցումային արդարադատություն», «անցկացնել քաղաքական, տնտեսական և գործակալական լյուստրացիա», «հրաժարվել Մադրիդյան սկզբունքներից և վերացնել ՀՀ-ին Արցախի դե յուրե միացման խոչընդոտները», «մշակել և ընդունել նոր Սահմանադրություն», «ընդունել նոր ընտրական օրենսգիրք», «անցկացնել արտահերթ ընտրություններ՝ Արցախում հաշվառված, ինչպես նաև արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների մասնակցությամբ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել