Սիրիայի խորհրդարանն այսօր քննարկելու և քվեարկության է դնելու Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց Հալեպում հրապարակվող «Գանձասար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Զարմիկ Չիլափոշյան-Պողիկյանը:

«Բանաձևը ներկայացրել է Սիրիայի և Հայաստանի խորհրդարանների բարեկամության հանձնաժողովը։ Նախատեսվում է, որ բանաձևը կքննարկվի այսօր կեսօրին։ Այն  ընդունում և դատապարտում է Հայոց ցեղասպանությունը։ Բանաձևն այսօր հատկապես կարևոր է այն իմաստով, որ Ցեղասպանությունից փրկվածների ժառանգներն այսօր ահաբեկիչների կողմից դարձյալ հալածվում են Սիրիայի տարածքում»,- ասաց Չիլափոշյան-Պողիկյանը։

Վերջինս հույս ունի, որ Սիրիայի պատգամավորների մեծամասնությունը կողմ կվեարկի բանաձևին․

«Հուսով եմ՝ Սիրիան կհամալրի Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների ցանկը»։

Զ․ Չիլափոշյան-Պողիկյանը տեղեկացրեց նաև, որ բանաձևը խորհրդարանի կողմից վավերացնելուց հետո ուղարկվելու է երկրի նախագահին, որը ևս պետք է ստորագրի այն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել