Hraparak.am-ը գրում է․

Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի որոշմամբ՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի աշխատակազմի գրասենյակի 3 աշխատակից պատասխանատվության են ենթարկվել։ Գրասենյակի պետ Լիլիթ Բադալյանին հայտարարվել է խիստ նկատողություն, գլխավոր մասնագետի պարտականությունները ժամկետային աշխատանքային պայմանագրով կատարող Միրա Դանիելյանին հայտարարվել է նկատողություն, առաջատար մասնագետ Անահիտ Երվանդյանի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝ ծառայության դադարեցման տեսքով և 2020 թվականի փետրվարի 11-ից ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Փոլադյանից հետաքրքրվեցինք՝ ինչի՞ համար է աշխատանքից ազատել աշխատակցին, պատասխանեց․ «Ծառայողական քննություն է նշանակվել, իմ պատկերացմամբ՝ կա աշխատանքային պարտականությունների ոչ պատշաճ կատարում, գործավարության կանոնների խախտում, դա էլ է եղել պատճառը, որ հանգել եմ այդ եզրակացության»։

-Ինչպե՞ս իրենց պարտականությունները չեն կատարել։

-Իսկ ինչպե՞ս են կատարում իրենց պարտականությունները։

-Ի՞նչ է արել, քնե՞լ է աշխատանքային ժամին կամ աշխատանքի մեջ գտնվելով դո՞ւրս է եկել։

-Աշխատանքային ժամերին ոչ մեկ չի քնում դատական համակարգում, որովհետեւ ծանրաբեռնվածությունն այնքան շատ է, որ որեւէ մեկը չի կարող հասցնել քնել։ Խոսքը վերաբերել է դատարան մուտքագրված փաստաթղթերը ժամանակին գրասենյակ մուտք չանելուն եւ հասցեատիրոջը ժամանակին չհանձնելուն։ Խոսքը աշխատանքից ազատվողի մասին է, մնացածը՝ պատասխանատվության են ենթարկվել ոչ պատշաճ հսկողություն իրականացնելու պատճառով՝ գրասենյակի պետի մասին է խոսքը, իսկ մյուսը նմանատիպ արարքի համար։

-Սա նախադեպայի՞ն էր, առաջին անգա՞մ էիք աշխատակից ազատում։

-Չէ, նախադեպ չէր։ Ունեցել ենք նմանատիպ դեպքեր, բայց այս պահին չեմ կարող մտաբերել՝ երբ եւ ում մասին  է խոսքը։ Սա պարբերաբար կատարվող գործընթաց է ծառայողական քննությունների նշանակումը, որպեսզի կարողանանք համակարգում ինքներս մեր խնդիրները վեր հանել։

-Նման խնդիր ԲԴԽ նախագահը Ձեր առջեւ դրե՞լ է, որ ավելի ուշադիր լինեք, անհրաժեշտության դեպքում աշխատանքից ազատել։

-Էդպիսի խնդիր որեւէ մեկի կողմից չի դրվել եւ չի կարող դրվել, որ ինչ-որ մեկի հեռացնեն կամ չհեռացնեն։ Մենք կատարում ենք մեր աշխատանքային պարտականությունները, այդ թվում՝ ես։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել