Իսպանական գրիպը համարում են մարդկության ողջ պատմության ամենազանգվածային համաճարակն ու մահացու աղետը։ Դրանով վարակվել է շուրջ 550 միլիոն մարդ՝ այդ ժամանակվա բնակչության մոտ 30%-ը, և մահացել է 41 միլիոն մարդ։ 1918-1919 թթ. աշխարհում թափառող համաճարակը սկսվել է Առաջին համաշխարհային պատերազմի վերջին ամիսներին և զոհերի թվով գերազանցել պատերազմի կորուստներին։

Համաճարակն առաջացել էր գրիպ A վիրուսից, որը հայտնի է որպես H1N1: Չնայած այն բանին, որ վիրուսը ստացել է «իսպանական գրիպ» անվանումը, հիվանդության առաջին դեպքոը գրանցվել է ԱՄՆ-ում։ Այն տեղի է ունեցել 1918 թ., երբ ԱՄՆ բանակի առաջին զինվորը հիվանդանոց ընկավ սարսափելի ախտանիշներով։ Մի քանի ժամում վարակվեց ավելի քան 100 զինվոր։ Իսկ ապրիլին ամերիկյան զորքերը, որոնց թիվը գերազանցում է 2 միլիոնը, մուտք գործեց Եվրոպա՝ մահացու վիրուսն իր հետ բերելով։ Այդ վաղ շրջանում հիվանդությունը քիչ էր ուսումնասիրված, իսկ մահացությունը վերագրում էին թոքաբորբին։ Ռազմական խիստ ցենզուրան ստիպում էր եվրոպական ու ամերիկյան մամուլներին լռել համաճարակի մասին, և առաջին անգամ վիրուսի մասին հայտնի դարձավ չեզոք Իսպանիայում, ինչի շնորհիվ էլ մահացու գրիպը ստացավ իր անվանումը։

Իսպանական գրիպը սկսել է մարդկանց կյանքեր խլել այնպիսի արագությամբ ու մասշտաբներով, որպիսին աշխարհը դեռ չէր տեսել։ Հիվանդության ախտանշաններն էին դեմքի կապույտ գույնը, թոքաբորբն ու արյունոտ հազը։ Ուշ փուլերում վիրուսն առաջացնում էր ներթոքային արյունահոսություն, ինչն էլ հիվանդին ստիպում էր խեղդվել սեփական արյունից։ Այն տարածված էր ոչ միայն տարեցների, այլև 20-40 տարեկան երիտասարդների շրջանում։

«Շնորհիվ» բազմաթվանոց բանակների շարժման ու տեխնիկական առաջընթացի՝ վիրուսն աներևակայելի արագությամբ տարածվում էր ողջ մոլորակում։ Միակ բնակավայրը, որտեղ չի հասել համաճարակը, Բրազիլիայում գտվող Մարաժո կղզին էր։ Համաճարակի մասշտաբները աղետալի էին. միայն Հնդկաստանում իսպանական գրիպը խլել է ավելի քան 18 միլիոն մարդու կյանք։

1997 թ. ԱՄՆ-ում կարողացան ստանալ H1N1 վիրուսի նմուշը 1918 թ. Ալյասկայի բնակիչներից մեկի դիակից, որը 80 տարի առաջ թաղվել էր հավերժական ցրտի պայմաններում։ Նմուշը թույլ տվեց վերստեղծել իսպանական գրիպի գենային կառույցը և ուսումնաիրել վիրուսի մուտացիայի առանձնահատկությունները։ Այսօր գիտնականները չեն հերքում, որ մահացու մուտացիան կարող է յուրաքանչյուր պահի տեղի ունենալ, ինչն էլ, բնականաբար, ավերիչ կլինի աշխարհի համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել