Hraparak.am-ը գրում է․

«Սահմանադրական հանրաքվեին ձեւավորել «ոչ»-ի՞ ճակատ, թե՞ բոյկոտել»․ այս հարցը խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմության օրակարգի առաջին հորիզոնականում է այսօր։ 

Իշխանությունները նախօրեին ՔՊ վարչության նիստում որոշում են ընդունել, որ «այո»-ի շտաբը կգլխավորի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Սակայն բաղձալի «այո»-ն անցկացնելու համար՝ օրենքի պահանջով, պետք է նաեւ «ոչ»-ի ճակատ ձեւավորվի։ Մի քանի օր է՝ բազմաթիվ կուսակցություններ, կազմակերպություններ, իրավապաշտպաններ, փաստաբաններ հայտարարություններով են հանդես գալիս, քանի որ իշխանության սկսած գործընթացը հակաիրավական, հակասահմանադրական է, ուստի իրենք կբոյկոտեն, որպեսզի հանրաքվեն տապալվի։ Իհարկե, հարկ եղած դեպքում իշխանությունը ֆիկտիվ «ոչ» կձեւավորի, եւ հանրաքվեն չի տապալվի, սակայն հարցն այն է՝ ճի՞շտ է այս դեպքում պասիվ դիտորդի կարգավիճակը, որին կարծես թե կողմ են նաեւ խորհրդարանական ուժերը, թե՞ պետք է ակտիվ «ոչ»-ի քարոզ անել։ Կա տեսակետ, որ իրականում ընդդիմադիրները չեն ցանկանում ռիսկի գնալ, հայտնվել իշխանության հարվածների տակ։

Էդմոն Մարուքյանն իր ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ ԼՀԿ-ն ոչ միայն չի լինի «ոչ»-ի ճամբարում, այլեւ նույնը կոչ արեց բոլոր այն ուժերին, որոնք դեմ են գործընթացին։ «Իշխանությունը սպասում է՝ ճամբարներ լինեն, որի վրա «հրետանիով» գնան, էդ ճամբարներին ոչնչացնեն: Մեր մոտեցումը հետեւյալն է` հակասահմանադրական պրոցեսում չպետք է լինի հակառակ ճամբար, պիտի լինի միայն «այո»-ի ճամբար, «ոչ» չպետք է լինի: Իշխանությանն օդի պես պետք է, որ «ոչ»-ի ճամբար լինի, ու ասեն` դուք դրանով Սերժ Սարգսյանին եք պաշտպանում: Թող «այո»-ի ճամբար լինի, ժողովուրդը կորոշի` գնա մասնակցի՞, թե՞ ոչ»,-ասաց նա։ Իսկ ԼՀԿ-ն ամեն օր, երբ դրա անհրաժեշտությունը լինի, կբարձրաձայնի, որ գործընթացը հակաիրավական է։ 

Գագիկ Ծառուկյանն էլ լրագրողների հետ ճեպազրույցում նախ ասաց, որ չեն միանալու ԼՀԿ-ին՝ հանրաքվեի նախագիծը ՍԴ-ում վիճարկելու հարցով, քանի որ կարծում են, որ ՍԴ-ն այս պարագայում «շահագրգիռ կողմ» է, իսկ կլինեն «այո»-ի, թե «ոչ»-ի շտաբում, կորոշեն առաջիկա օրերին կայանալիք քաղխորհրդի նիստում։ Բոյկոտի նախնական որոշում ունեն նաեւ ՀՀԿ-ում, ՀՅԴ-ում։

ԼՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Գորգիսյանին հարցրինք՝ իսկ ի՞նչ են ասելու իրենց ընտրողներին՝ գնալ «ո՞չ» քվեարկել, թե՞ չմասնակցել քվեարկությանը։ «Կարծում եմ՝ ասուլիսով ասվածն ամբողջովին բավարար է, հասկանալի է, որ սկսված պրոցեսը հակասահմանադրական, հակաօրինական է, հղի է սահմանադրական ճգնաժամ առաջացնելով, եւ իշխանությունը, վախենալով պատասխանատվությունն իր վրա վերցնել, ասում է՝ հարգելի ժողովուրդ, դուք գնացեք օրենք խախտեք, մենք չխախտենք։ Կարծում եմ՝ ՀՀ քաղաքացիները չպետք է մասնակցեն հանրաքվեին»։ Գորգիսյանը հիշեցնում է՝ Փաշինյանն ամենալավն անում է մի բան՝ սեւ եւ սպիտակ ճամբարների բաժանել, որ հետո «հրեշներին» սպանի․ «Այս անգամ էլ է նույնն արվելու, դրա համար ենք մենք բոլորին կոչ անում չմասնակցել։ Սա միակ ճանապարհն է, որով կխանգարենք իշխանություններին։ Եթե նրանք չունենան թիրախ՝ ինչ-որ հրեշների սատկացնելու, ուղղակի տապալվելու են։ Իսկ եթե որեւէ մեկը վերցնի «ոչ»-ի դրոշակը, նա ուղղակի աջակցելու է իշխանությանը, ավելին՝ չի բացառվում, որ դա արվի պայմանավորվածությամբ»։
Այսպես, թե այնպես, իշխանություններն իրենց «հրեշներին» սպանելու են, արդեն իսկ սկսել են ակտիվ քարոզչությունը, իսկ արդյոք պասիվ դիտորդի կարգավիճակն իշխանության շանսերը չի՞ մեծացնելու։ «Վստահ եմ՝ ոչ, մենք տեսել ենք՝ իրենց քարոզչությունը հիմնվելու է հայհոյանքի վրա, իսկ թիրախի բացակայության դեպքում իրենք տապալվելու են»։

Նշենք, որ «ոչ»-ի ճակատում չլինելու պարագայում խորհրդարանական ուժերն իրավունք չեն ունենալու տեղ զբաղեցնել ընտրական հանձնաժողովներում։ Գեւորգ Գորգիսյանը վստահեցնում է, սակայն, որ ակտիվ դիտորդությամբ կզբաղվեն։ ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանն էլ կրկնեց Ծառուկյանին․ «Մեր քաղխորհուրդը կորոշի, մարզերից պատվիրակներ պիտի գան, մենք լսենք իրենց կարծիքը, նոր հետո որոշում կայացնենք»։  Դիտարկմանը, որ ԲՀԿ-ն մի կողմից կողմ է հանրաքվեի գաղափարին, մյուս կողմից թեթեւ ակնարկում է, որ իրավական խնդիրների հետ կապված սպասում են Վենետիկի հանձնաժողովի  կարծիքին, սրանից կարո՞ղ ենք եզրակացնել, որ չի բացառվում՝ ԲՀԿ-ն նաեւ «այո»-ի ճամբարում լինի, Բագրատյանը  կրկնեց, թե պատվիրակները պիտի փոխանցեն հանրային տրամադրությունները։ 

Ուշագրավ է, որ իշխող թիմից բավականին կտրուկ արձագանքեցին բոյկոտի հայտարարություններին։ «Կարեւոր եմ համարում արձանագրել, որ որոշ քաղաքական ուժերի՝ հանրաքվեին չմասնակցելու կամ բոյկոտելու դիրքորոշումը, ըստ էության, նույն «ոչ»-ի քարոզն է, քանի որ «այո»-ի հաղթանակի համար անհրաժեշտ է համապատասխան քանակի ձայն։ Չկա այս հարցը լղոզելու ճանապարհ, չկա երրորդ տարբերակ։ Կա «այո» կամ «ոչ»։ ՍԴ ճգնաժամը կա՛մ հանգուցալուծվելու է, կա՛մ՝ ոչ»,- Մարուքյանի հայտարարությունից անմիջապես հետո Ֆեյսբուքում կարծիք հայտնեց «Իմ քայլից» Ռուբեն Ռուբինյանը։ Իսկ Ալեն Սիմոնյանն էլ փորձեց թասիբի գցել Մարուքյանին․ «Պարոն Մարուքյանը չի հասկանում, որ այս պրոցեսին չմասնակցելն իրեն դնելու է ՀՀԿ-ի հետ նույն զամբյուղի մեջ»: Խորհրդարանի կուլիսներում ակտիվորեն քննարկում էին, որ իշխանությունը «ոչ»-ի ճամբարի փնտրտուքների մեջ է, եւ այս օրերին փորձ է արվում համոզել տարատեսակ ուժերի՝ վերցնել անտեր մնացած շտաբը, լեգիտիմացնել գործընթացը։ Հնչում է նաեւ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի անունը, որը մի խումբ անկախ իրավաբանների հետ կարող է մտնել մասնագիտական քննարկումների դաշտ, ինչը հնարավորություն կտա նաեւ իրեն ձերբազատվել նախկինների հետ իր կապի մասին ասեկոսեներից։ Մինչեւ քարոզարշավի մեկնարկը մնաց 5 օր։ Սպասենք զարգացումներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել