«Փաստ» թերթը գրում է. «Օրերս կառավարությունում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Հայաստանում գտնվող ՎԶԵԲ պատվիրակությանը, որը ղեկավարում էր ՎԶԵԲ փոխնախագահ Պիեռ Հեյլբրոնը: Կառավարության տարածած պաշտոնական հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի գործակցությունը թե՛ միջկառավարական, թե՛ մասնավոր սեկտորում:

«Փաստ» թերթին հանդիպումից որոշ մանրամասներ են հայտնի դարձել, որը կապված է Ամուլսարի հանքի շահագործման հարցի հետ:

Ի դեպ, այս մասին պաշտոնական հաղորդագրության մեջ ոչ մի տառ չկա։ ՎԶԵԲ-ը «Լիդիանի» բաժնետերերից է եւ հանդիսանում է Ամուլսարում ոսկու շահագործման ծրագրի գլխավոր ֆինանսավորողներից մեկը:

Թերթի աղբյուրի փոխանցմամբ, հանդիպման ժամանակ քննարկման հիմնական թեմաներից մեկը եղել է Ամուլսարի խնդրի հետ կապված հստակեցում մտցնելու անհրաժեշտությունը։ Փաստացի, մոտ երկու տարի ՀՀ կառավարությունը կանգնած է հանքի շահագործման թնջուկի առաջ:

Ըստ էության, հարցի մի հատվածում հանրային պահանջն է, որը կարող է վերածվել «քաղաքական ձնագնդի», մյուս կողմում՝ միջազգային ներդրումային շրջանակները, հեղինակավոր կառույցները, արբիտրաժի ու ներդրումային վարկի ռիսկը:

Թերթին կառավարության կուլիսներից փոխանցել են, որ իշխանություններն ամեն կերպ փորձելու են Ամուլսարի հարցը առկախել մինչեւ ապրիլի 5-ը։

Ներկա փուլում իշխանություններն ամեն ինչ անում են իրենց համար ռիսկային հարցերի հետ կապված հստակեցումներ մտցնել, որպեսզի խուսափեն հավելյալ թիրախավորումից ու շահարկումից»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել