«Փաստ» թերթը գրում է. «Ի վերջո, Սահմանադրության մեջ ընդամենը մեկ հոդված փոխելու եւ ՍԴ յոթ անդամից ձերբազատվելու համար ինչո՞ւ է իշխանությունը գնում հանրաքվեի ճանապարհով: Կարծիքները տարբեր են, սակայն, ի թիվս բոլոր նշված ու նշվելիք «պատճառների», առերեւույթ կա մի խորքային խնդիր՝ իշխանության օրավուր ընկնող վարկանիշը: Այն ինչ-որ կերպ պետք է պահել:

Իշխանությունների աշխատանքը արդյունք չի տալիս, հանրության դժգոհությունները գնալով մեծանում են, «բռնոցի-բացթողնոցիներն» այլեւս արդյունք չեն տալիս, նախկինների կոռումպացվածության ու թալանի մասին առիթ-անաթիռ հիշատակումները սկսել են չազդել, պարբերական ռեժիմով թվախեղդ անելը նույնպես արդյունավետ չէ, լայվերն արդեն էֆեկտ չեն տալիս:

Ուրեմն, ի՞նչ անել: Դուրս գալ փողոց:

Չէ՞ որ այսօրվա իշխանավորների, իսկ ավելի ստույգ՝ Նիկոլ Փաշինյանի մոտ ամենալավը ստացվում են միտինգն ու միտինգային ելույթները: Հիմա 2018 թվականի հոկտեմբերը չէ, հենց այնպես փողոց դուրս չես գա: Իսկ ահա հանրաքվեն թույլ կտա երկու ամիս հանրությանը «թեժ» պահել, երկու ամիս խոսել նախկինների մասին, միտինգային հռետորաբանությամբ թշնամիներ ու հակառակորդներ «ձեւավորել»:

Հասկանալի է՝ սա հանգեցնելու է հասարակության մեջ նոր բեւեռների առաջացմանն ու թշնամանքի, ատելության, հայհոյանքի դոզայի ահագնացմանը: Սակայն անցած մեկուկես տարում իշխանությունների գործելակերպը ցույց է տվել, որ… «նպատակն արդարացնում է միջոցները»:

Այդուամենայնիվ, չի բացառվում, որ իշխանություններն սկսեն կռվել «իրենք իրենց հետ», եթե այդպես էլ չձեւավորվի «Ոչ»-ի՝ կազմակերպված (ոչ մասնակի) շտաբ:

Դրա նախանշանները, կարծես, երեւում են: Դա գուցե հնարավորություն տա փոքր-ինչ մեղմել ներհասարակական «գզվռտոցները», թեպետ հաշվի առնելով այն բառապաշարը, որն օգտագործում են իշխանությունները, այդ առումով հույսերը, մեղմ ասած, մեծ չեն»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել