Այս օրերին քաղաքական իշխանությունն ամեն րոպե կուրծք է ծեծում, որ ժողովրդի իշխանությունը բացարձակ է, և ժողովուրդն է միակ լեգալ ուժը, որ կարող է պետության մեջ փոխել ամեն ինչ:

Իրականում սրանք սոսկ պոպուլիստական պնդումներ են: Քաղաքական իշխանությունն, օգտագործելով առիթը, փորձում է համոզել ժողովրդին, թե մենք միշտ ձեզ ենք հարցրել ու հարցնում, նաև հարցնելու ենք ապագայում: Արդեն փորձում են մոռացության մատնել «անգրագետ պողոսների» հայտնի թեզը, որոնք, ըստ իշխանության ներկայացուցիչների, ի վիճակի չեն որոշելու Ամուլսարի հետ կապված խնդիրը:

Փորձ է արվում Սահմանադրությունը նույնացնելու ժողովրդի հետ՝ պնդելով, որ Սահմանադրությունը ժողովուրդն է, ժողովուրդը Սահմանադրությունն է:

Այս վերջին թեզը թեև ձևական իմաստով մոտ է իրականությանը, սակայն խեղաթյուրում է Սահմանադրության բուն առաքելությունը և գործառույթը:

Այսպես՝ Սահմանադրությունն իր էությամբ «պայմանագիր» է ժողովրդի ու իշխանության (նաև ընդունված է ասել պետություն) միջև։ Ժողովուրդը սահմանադրության միջոցով սահմանել է կառավարման, արդարադատության և մյուս բնագավառների հիմնական դրույթներն ու սկզբունքները և այլևս չի կարող միջամտել մասնագիտական կոնկրետ հարցերի լուծմանը։ Օրինակ՝ չի կարող հանրաքվեի դրվել հարցը՝ կոնկրետ անձը մեղավոր է կոնկրետ հանցագործության կատարման մեջ, թե ոչ։ Եթե ժողովուրդը դժգոհ լինի կոնկրետ բնագավառից, պետք է ընտրությունների միջոցով փոխի իշխանությունը։

Ընտրությունների միջոցով իշխանությունը փոխելու լիազորությունն է այն բացառիկ լիազորությունը, որը երաշխավորում է Սահմանադրության 2-րդ հոդվածով ամրագրված «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին» կանոնը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել