Armenpress.am-ը գրում է.

Էմմա Պետրոսյանը գրեթե 1.5 տարի է, ինչ բնակվում և աշխատում է Չինաստանում: Հայաստանից վերջին անգամ Չինաստան է մեկնել 1 ամիս առաջ, որից տասն օր անց երկրում սկսվել է կորոնավիրուսի տարածումը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Էմման նշեց, որ չնայած տարածվող վիրուսին, Հայաստան վերադառնալու միտք այժմ չունի:

«Հայաստան վերադառնալու մտադրություն չունեմ: Այս շրջանում պահեր եղել են, որ մտածել եմ վերադառնալու մասին, բայց հիմա հաստատ որոշել եմ, որ չեմ վերադառնա: Կմնամ այստեղ, մինչև այս շրջանն անցնի: Այժմ իմ աշխատավայրում աշխատանքները դադարեցված են: Դրանք պետք է վերսկսեին փետրվարի 11-ից, բայց այդ ժամկետն անորոշ ժամանակով հետաձգվել է, և պետք է սկսենք աշխատանքներն իրականացնել տանից»,- ասաց նա:

Էմման բնակվում է Չինաստանի Տյանցզին քաղաքում, որտեղ փետրվարի 9-ի տվյալներով՝ վարակի 90 դեպք է արձանագրվել: Նրա խոսքով՝ քաղաքում սկզբնական շրջանում առկա խուճապի ալիքը ժամանակի ընթացքում մարում է, և Տյանզցինը վերադառնում է իր բնականոն կյանքին:

«Սկզբնական շրջանում խուճապ կար, թե՛ չինացիների, թե՛ օտարերկրացիների մոտ: Ոչ ոք տանից դուրս չէր գալիս, բոլորն ամեն ինչ օնլայն էին պատվիրում: Հիմա ամեն ինչ մի քիչ ավելի հանգիստ է: Օրինակ՝ երեկ իմ չինացի ընկերուհին էր եկել, դուրս էր եկել տանից: Ինձ բժշկական դիմակներ էր բերել ու որոշ բաներ, որոնց կարիքն ունեի: Դիմակ չունեի և ջերմաչափ: Ջերմությունն ամեն օր ստուգելն անհրաժեշտ է այս շրջանում: Ընդհանրապես չինացիներն իրենք շատ ուշադիր են հատկապես օտարերկրացիների նկատմամբ, որովհետև գիտեն, որ լեզվի և օտար միջավայրում հարմարվելու խնդիր ունենք, փորձում են ամեն կերպ աջակցել, օգնել»,- նշեց Էմմա Պետրոսյանը:

Էմմայի աշխատավայրում ևս մեկ հայ է աշխատում, ով նույնպես այժմ չի պատրաստվում վերադառնալ Հայաստան:

Բարեկամ Չինաստանում կորոնավիրուսի տարածմամբ ստեղծված իրավիճակն անտարբեր չի թողնում հայ ժողովրդին: Հայաստանում հասարակության տարբեր հատվածներ բարեկամ պետությանն ու ժողովրդին սատարող խոսքեր են հղում: «Քեզ հետ ենք, Չինաստան» խորագրով շարքի միջոցով «Արմենպրես»-ը կներկայացնի իրականացվող աջակցության ակցիաներն ու գոտեպնդող խոսքերը:

Չինաստանում 2019-nCoV վիրուսի հարուցած թոքաբորբի զոհերի թիվը մեկ օրում ավելացել Է 108-ով, ընդհանուր առմամբ մահացել Է 1 016 մարդ, գրեթե 4 հազար հոգի ապաքինվել Է: Փետրվարի 11-ի դրությամբ երկրում վարակման դեպքերի թիվը հասել Է 42 հազար 638-ի։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել