«Այսօրվանից պաշտոնապես անցնում եմ աշխատանքի»,- այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանը և տեղեկացրել, որ Առաջին ատյանի դատարանը հօգուտ իրեն դատավճիռ է կայացրել, որը լիազոր մարմինը՝ նախարարությունը փորձել էր վիճարկել ՀՀ վերաքննիչ դատարանում, որը կրկին մերժվել է:

«Այժմ ուժերս կենտրոնացնում եմ՝ կյանքի կոչելու հետագա նախագծերս: Ժամանակը սուղ է, և պետք է հասցնենք բեմադրել մի շարք օպերաներ և մի շարք այլ ծրագրեր»,- ասաց Օրբելյանը և հավելեց, որ, ի տարբերություն նախորդ կառավարության, որը հոգում էր իրենց հյուրախաղերի հիմնական ծախսերը, այս կառավարությունից պատասխանել են, որ իրենց համար միևնույն է, թե ինչպես և որտեղից միջոցներ ձեռք կբերեն:

Ինչ վերաբերում է հարցին, թե ԿԳՄՍ-ն ինչ կարծիք ունի իր վերադարձի մասին, Օրբելյանն ասաց, որ դեռևս չի հանդիպել. «Վաղն եմ հանդիպելու, այդ ժամանակ պարզ կլինի, իսկ թատրոնի կոլեկտիվն արդեն տեղյակ է. ոմանք ուրախությամբ ընդունեցին, ոմանք` ոչ այդքան»,- ասաց մաեստրոն:

Հիշեցնենք, որ 2019թ. մարտի 28-ի՝ ՀՀ մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի հրամանով Կոնստանտին Օրբելյանն ազատվել էր «Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել