Hraparak.am-ը գրում է․

Երեւանի քաղաքապետարանի ավագանու նիստին այսօր քննարկվում էր կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղիների շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին հարցը։ Զեկուցողը ներկայացրեց, որ 2013 թվականից մինչեւ 2019 թվականը ծառայողական ավտոկայանատեղիներ կազմակերպելու իրավունք ստացած անձանցից 21-ը դիմել է քաղաքապետին՝ շահագործումը շարունակելու խնդրանքով։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Հռիփսիմե Առաքելյանը նշեց, որ դրանք չարաբաստիկ նախագծեր են․ «Պարոն քաղաքապետն ասում է, որ այդ բոլոր խախտումները, մաֆիան, որը կա, մենք չենք կարող ոչինչ անել, դա ոստիկանությունը պետք է անի․․․ մենք մունիցիպալ ոստիկանություն չունենք, ես ուղղակի խնդրում եմ՝ ձեր հրավերը ոստիկանության ԺՊ-ին, հրավիրում եմ նրան մեր ավագանու հաջորդ նիստին։ Այս հարցը պետք է կարգավորվի»։

Քաղաքապետ Հայկ Մարությանն արձագանքեց՝ չեն կարող հրավիրել ոստիկանապետի ԺՊ-ին, այլ Երեւան քաղաքի վարչության պետին, քանի որ խոսքը Երեւան քաղաքի մասին է։ 

ԲՀԿ խմբակցությունից Միքայել Մանրիկյանն ասաց, որ ավտոկայանատեղիների հարցը մեծ խնդիրներ է առաջացնում քաղաքացիների համարի․ «Կոչով դիմել ենք այն ժամանակ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին, բայց մնաց անպատասխան։ Իրենց խանութների, օբյեկտների առաջ մեքենաները կանգնած են խախտումներով, եւ մենք երկարացնում ենք շահագործումը։ Ոստիկանությունն այս առումով  անգործություն է դրսեւորում։ Սա մեծ խնդրահարույց հարց է»։

Իմքայլականներից  մի քանիսը եւս մտահոգություն հայտնեցին ավտոկայանատեղիների խնդրի վերաբերյալ։

Մարությանը, անդրադառնալով խնդրին, նշեց․ «Առաջինը ես եմ ասել՝ ինչի՞ ենք վերցնում երեք կայանատեղիի գումար, եթե էնտեղ տասն են կանգնում, հարցի պատասխանը պարզ է՝ չունենք դրա օրենսդրական հնարավորությունը։ Ես երեք միլիոն չէի վերցնի, վեց միլիոն կվերցնեի, տասը միլիոն կվերցնեի, ինչի՞ չէ, բայց եթե օրենքը թույլ չի տալիս, մենք ի՞նչ անենք։ Տա՞նք, թե՞ չտանք, մենք քննարկում ենք, իսկ ես միշտ  քննարկում եմ իրականությունը։ Չտվեցի՞նք, չե՞ն կանգնելու, ի՞նչ  է փոխվելու, ոչ մի բան չի փոխվելու, ներսում փոխվելու է ձեր ասած 300 հազար դրամը»։

Ի վերջո, ավագանու ձայների մեծամասնության կողմ քվեարկությամբ որոշման նախագիծն ընդունվեց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել