«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը փետրվարի 4-ի իր համարում գրել էր, որ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի կազմում Ռուսաստանի Դաշնության մարզերի հետ համագործակցության հարցերի ենթահանձնաժողով է ստեղծվելու այն դեպքում, երբ այս պահին խորհրդարանում գոյություն ունի ՀՀ ԱԺ և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողով, որի ղեկավարը խորհրդարանի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն է: Երեկ հաստատվել է այդ հարցերով զբաղվող ենթահանձնաժողովը, որի նախագահ է ընտրվել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից ենթահանձնաժողովի անդամ են ընտրվել Ալեքսեյ Սանդիկովն ու Արամ Խաչատրյանը, ԲՀԿ խմբակցությունից՝ Էդուարդ Բաբայանը, իսկ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից էլ՝ Էդվարդ Անդրեասյանը: Սա նշանակում է, որ խորհրդարանի ղեկավարությունը դժգոհ է Ալեն Սիմոնյանի ղեկավարած հանձնաժողովի աշխատանքներից, համարում է նրա գլխավորած հանձնաժողովի գործունեությունը անպտուղ, դրա համար ստեղծել է այլընտրանքային կառույց:

Արդյունք կտան այս ենթահանձնաժողովի աշխատանքները՝ դժվար է ասել, բայց փաստ է՝ եթե սա էլ վատ աշխատի, ապա իշխանությունները ստիպված կլինեն երրորդը ստեղծել, որովհետև կյանքը ցույց է տալիս, որ ոչ մի կերպ հայ- ռուսական հարաբերությունները չեն ջերմանում, մնում են խոսքերի մակարդակում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել