168.am-ը գրում է.

ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը շարունակում է կայուն ծանր մնալ. 168.am-ի հետ զրույցում հայտնում է նրա փաստաբան Լևոն Բաղդասարյանը:

«Բացարձակ որևէ փոփոխություն չկա, գտնվում է  վերակենդանացման բաժանմունքում: Այս մասով կարող եմ ասել, որ խոշտանգում է իրականացվում վերջինի նկատմամբ՝ իր բոլոր իրավական հետևանքներով»:

Մանվել Գրիգորյանը «Նաիրի» բ/կ-ի վերակենդանացման բաժանմունք էր տեղափոխվել  հունվարի 14-ին, երբ կտրուկ վատացել էր նրա առողջական վիճակը:  Հաջորդ օրը Դատախազության նախաձեռնությամբ արտահերթ դատական նիստ հրավիրվեց,  դատարանը բավարարեց դատախազների միջնորդությունը՝ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը երկրից դուրս չգալու ստորագրությամբ փոխարինելու մասին: Պատճառը կալանքի հետ անհամատեղելի հիվանդություններն էին: Հիշեցնենք, որ փաստաբանական թիմը նման միջնորդություններ ներկայացնում էր պարբերաբար՝ դեռ անցած տարվա հունիսից: Հունվարի 21-ին Մանվել Գրիգորյանի գործով  հերթական դատական նիստի ընթացքում գեներալի փաստաբանական թիմը միջնորդություն ներկայացրեց՝ իրենց պաշտպանյալին Ֆրանսիա բուժման ուղարկելու վերաբերյալ: Միջնորդությունը մերժվեց: 168.am-ը փաստաբանից հետաքրքրվեց Գրիգորյանի պաշտպանական թիմի հետագա քայլերի մասին:

«Եթե վերջինի բուժման հետ կապված նման պասիվ վիճակ գրանցվի պետական լիազոր մարմինների, դատական մարմինների կողմից, կարծում եմ՝ կբարձրաձայնենք միջազգային ատյաններում»,- ասաց Լևոն Բաղդասարյանը:

Հիշեցնենք՝ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին և նրա կնոջը՝ Նազիկ Ամիրյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին և 2-րդ կետերով (ապօրինի կերպով զենք-ռազմամթերք ձեռք բերելը, կրելը կամ փոխադրելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ), ինչպես նաև ՀՀ ՔՕ 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքի հափշտակություն): Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործերի դատաքննությունն առանձնացվել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել