Անգլիայի Չեշիրի կոմսության Ուորինգթոն քաղաքից զառամյալ բժիշկը փող է պահանջել այն բժշկական խորհուրդների համար, որն ինքը երկար տարիներ տվել է իր հարեւաններին, հաղորդել է Daily Mail-ը:

75-ամյա բժիշկ Սթիվեն Բենթլին երկար ժամանակ ապրել է Հարրի եւ Ջոան Սաթքլիֆների հետ հարեւանությամբ: Նա հաճախակի է նրանց մոտ հյուր եղել եւ ժամանակ առ ժամանակ կոնսուլտացիաներ արել բժշկական հարցերի շուրջը: Այդպես շարունակվել է 1982 թվականից մինչեւ 2012 թվականը:

2016 թվականի հունվարին վախճանվել է 90-ամյա Հարրին, իսկ 2017 թվականի նոյեմբերին մահացել է նրա կին Ջոանը: Հուղարկավորությանը նախապատրաստվելու ժամանակ հարեւանների հարազատերը Բենթլիի հետ տեքստային հաղորդագրություններ են փոխանակել Հարրիի բուժման առիթով:

Շուտով բժիշկը նրանց հաշիվ է ներկայացրել այն 68 խորհուրդների համար, որոնք հարեւանները ստացել են 30 տարվա ընթացքում: Հաշվի չափը չի ճշտվում: Տարեց զույգի հարազատներն աննրբանկատ եւ անազնիվ են համարել բժշկի պահվածքը եւ Բենթլիի դեմ գանգատվել են Բժշկական գլխավոր խորհրդում: Ունկնդրումների ժամանակ Հարրի դուստրը պատմել է, որ իր հոր կենդանության օրոք Բենթլին երբեք չի արծարծել իր ծառայությունների վճարման հարցը եւ գրի չի առել իր հանձնարարականները: Իր ծնողները նրան վերաբերվել են որպես ընտանիքի բարեկամի եւ իրենց երախտագիտությունն են հայտնել միս եւ վիսկի հյուրասիրելով:

Բժշկական գլխավոր խորհրդի ներկայացուցիչները հայտարարել են, որ Բենթլին չի պահպանել մասնագիտական էթիկայի կանոնները՝ բժշկական ծառայություններ մատուցելով մարդկանց, որոնց հետ ընկերական հարաբերություններ են հաստատվել: Սաթքլիֆների համար նա փաստորեն ընտանեկան բժշկի դեր է կատարել: Միեւնույն ժամանակ խորհուրդների մասին գրառումների բացակայությունը, որոնց համար հաշիվ է ներկայացվել, վկայում են, որ դրանք եղել են բարեկամական, այլ ոչ թե մասնագիտական:

Բենթլիի փաստաբան Ռիչարդ Փաթրիջը հայտարարել է, թե Հարրին տառապել է բազմաթիվ հիվանդություններով, ներառյալ շաքարախտը, սրտի իշեմիկ հիվանդությունը եւ միզապարկի քաղցկեղը: Իրավաբանն ընդգծել է, որ Բենթլին Սաթքլիֆների մոտ է գնացել սոսկ նրանց խնդրանքով, այլ ոչ թե իր նախաձեռնությամբ: Հաշվի ներկայացման օրինաչափության վերաբերյալ որոշում առայժմ չի ընդունվել, ունկնդրումները շարունակվում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել