Hraparak.am-ը գրում է.

Նիկոլ Փաշինյանի ներկայացրած 100 փաստերի մի մասից շատերին անդրադարձել ենք նախորդ հրապարակմամբ: Դրանցից շատերն ուղղակի կապ չունեն կառավարության գործունեության հետ եւ հեռու են իրականությունից: Փաստերի մեջ տեղ են գրավում նաեւ դրույթներ, որոնցով Փաշինյանն ուզում է ցույց տալ, ընդգծել իր առավելությունը նախորդ իշխանությունների նկատմամբ: Սակայն դրանցից շատերն ակներեւ սուտ են: Օրինակ. «Զբաղվածության մակարդակը 2019 թվականի երրորդ եռամսյակում բարձրացել է մինչեւ 49,3%` 2018-ի 46,8%-ի եւ 2017-ի 46,3%-ի փոխարեն: Միեւնույն ժամանակ, 2019-ի երրորդ եռամսյակում Հայաստանում գործազրկության մակարդակը նվազել է մինչեւ 18%՝ 2018-ի 20,1%-ի եւ 2017-ի 19,9%-ի փոխարեն»: Սա չի կարող համապատասխանել իրականությանը՝ այն դեպքում, երբ համատարած կրճատումներ են գնում պետական կառույցներում, օպտիմալացվեցին նախարարություններ, փակվեցին գիշերօթիկ դպրոցներ, տուն-ինտերնատներ, ծննդատներ, տարբեր պետական կառույցների աշխատակիցներ ազատվեցին: Ըստ Փաշինյանի, իր կառավարությանը 2018-ին հաջողվել է աղքատությունը 2017-ի համեմատ կրճատել: Դա հերթական մանիպուլյացիան է, որին դիմել է թե՛ Սերժ Սարգսյանի իշխանությունը, թե՛ Փաշինյանի: Իսկ Հայաստանում աղքատների թիվը չի նվազում, եթե չասենք՝ աճում է: 

Փաստերից մեկում ասվում է, որ Հայաստանում փոխվել են բարձր պաշտոններում կադրերի ընտրության սկզբունքները: Այստեղ տեղին է պատասխանել Սերժ Սարգսյանի ոճով. «Իյա, իրո՞ք»: Փաշինյանը մոռացե՞լ է իր աներորդուն, եղբորորդուն, քավորին ու նրա եղբորը: Բա Գարիկ Սարգսյանի մորքուրի հարսներն ու ազգուտա՞կը… Եթե թվարկենք բոլորին, ապա շատ փաստեր կան, պարզապես արձանագրենք, որ դա իշխանությունների հերթական սուտն է:  Փաստերից մեկում ասում է. «2018 թվականի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո Հայաստանում ծառայողական ավտոմեքենաների թիվը կրճատվել է 448-ով: Հիմա Հայաստանը ծառայողական մեքենաների թվով պատմական ամենացածր մակարդակի վրա է»: Այո, նախորդ կառավարությունների օրոք ուռճացված է եղել ծառայողական ավտոմեքենաների թիվը. ով ասես՝ պետության միջոցների հաշվին շրջագայում էր: Այդ առիթով Փաշինյանը 2015 թվականին ԱԺ ամբիոնից բոցաշունչ ելույթ ունեցավ եւ երկիրն անվանեց պադավատապետություն, անգամ օրինակ բերեց Դանիան, որտեղ կա ընդամենը մի քանի ծառայողական մեքենա։

Նա անխնա քննադատեց բոլորին, որ այդքան ծառայողական մեքենա են պահում: Իսկ ի՞նչ եղավ, երբ ինքը եկավ իշխանության: Այո, Փաշինյանը կրճատեց պետական ծառայողական ավտոմեքենաների թիվը: Ս․թ․ հունվարի 9-ին՝ կառավարության նիստի ժամանակ, ՀՀ կառավարությունը կրճատեց ծառայողական ավտոմեքենաների քանակը: Պետական եկամուտների կոմիտեն հրաժարվեց իր հաշվեկշռում եղած 3 ծառայողական ավտոմեքենայից, 20 ավտոմեքենայից հրաժարվեց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը։ Փոխարենը Փաշինյանը պետության հաշվին թանկարժեք ավտոմեքենաներ գնեց իր ընտանիքի անդամների համար. նախ, կնոջ համար նոր Mercedes-Benz S 600 GUARD FL է գնվել՝ 550 հազար դոլար արժողությամբ: Այնուհետեւ դստեր՝ Մարիամի համար Պետական պահպանության ծառայության միջոցներով գնվեց 2019 թ․ արտադրության Nissan X Trail մակնիշի 130 uu 01 պետհամարանիշի ամենագնաց, եւ մեքենան արժեցել է 27 հազար ԱՄՆ դոլար:

Փաշինյանների ընտանիքը չբավարարվեց սրանով, բա Աշո՞տը: Այնուհետեւ, ըստ մամուլի հրապարակումների, որը չի հերքվել, վարչապետ Փաշինյանի որդին՝ զինծառայության մեջ գտնվող Աշոտը նույնպես ծառայողական մեքենա ունի եւ զինվորական ծառայության ընթացքում շրջում է թիկնապահներով: Նրան սպասարկող Toyota Land Cruiser Prado 2013 թվականի արտադրության մեքենայի շուկայական արժեքը մոտ 35 հազար դոլար է։ Փաստորեն, Փաշինյանը կրճատել է պետական ծառայողների ծառայողական մեքենաները եւ փոխարենը թանկարժեք ծառայողական մեքենաներով է ապահովել իր ընտանիքի անդամներին, որոնք պետական պաշտոնյաներ չեն, թեեւ տեղի-անտեղի խառնվում են պետական, իրենց չվերաբերող գործերին: Փաշինյանը մոռացե՞լ է նշել, որ սա աննախադեպ է հայաստանյան պատմության մեջ. ո՛չ Տեր-Պետրոսյանի, ո՛չ Քոչարյանի, ո՛չ էլ Սարգսյանի երեխաները չեն ունեցել ծառայողական ավտոմեքենաներ եւ դասեր չեն տվել հասարակությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել