Hraparak.am-ը գրում է.

Երեկ Նիկոլ Փաշինյանի՝ գրավոր խոսելու հանգամանքը շատերին է զարմացրել։ Նա, որպես կանոն, թղթից չի խոսում, սակայն ԱԺ երեկվա արտահերթ նիստում ելույթը կարդում էր թղթից։ Մենք հետաքրքրվեցինք եւ պարզեցինք, որ ելույթի իրավական մասը գրել է Սահմանադրական դատարանի՝ իր «սրտի դատավոր» Վահե Գրիգորյանը:

Ավելին՝ ելույթի սկզբնական մասում, կարելի է ասել, հենց Վահե Գրիգորյանի հայտնի նամակի ուղղակի մեջբերումն էր, երկրորդ հատվածում անդրադարձ էր կատարվում ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի դեմ քրեական գործին, որն, ըստ էության, մտել է փակուղի եւ նախաքննության մարմինը դրա լուծումը չի տեսնում, իսկ վերջին հատվածն ուղղակի սպառնալիք էր՝ ուղղված Սահմանադրական դատարանի գործող անդամներին և անգամ իրավական ճանապարհով հակասահմանադրական հանրաքվեն վիճարկողներին:

Ըստ մեր աղբյուրի, Վահե Գրիգորյանի գրած տեքստին Փաշինյանը ավելացրել է միայն մի քանի իրեն բնորոշ արտահայտություններ, օրինակ՝ «շնաբարո դուրսպրծուկների վնգստոց», «շնագայլերի ոհմակ»: Այսպես ասած՝ «տեղայնացրել» է Գրիգորյանի գրած իրավական անհեթեթությունը՝ դրան հաղորդելով փաշինյանական բառապաշարը։

Հիշեցնենք, որ «Իմ քայլի» կողմից ՍԴ դատավոր նշանակվելու պահին հայտարարեց, որ գնում է Սահմանադրական դատարանի նախագահ աշխատելու, սակայն իր նշանակման պահից ի վեր չի մասնակցում ՍԴ նիստերին, որևէ աշխատանք չի կատարում, բայց շուրջ 8 ամիս է աշխատավարձ, հավելավճար և բենզին է ստանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել