News.am-ը գրում է.

Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցում ավելի քան 10 ուսանող հիվանդացել է A H1N1 գրիպով, որը ժողովրդի մեջ «խոզի գրիպ» են կոչում:

Դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանը NEWS.am Medicine-ի թղթակցին տված հարցազրույցում նշեց, որ գրիպի հաստատված դեպքերի թիվը 10-ից ավել է, պարզապես դեռ ոչ բոլոր ծնողներն են տեղեկանքներ բերել դպրոց:
Առաջին հերթափոխով այս դպրոցում 1500 աշակերտ է սովորում, որոնցից 452-ն այսօր բացակայում է: Երկրորդ հերթափոխով կա 360 աշակերտ, բայց քանի որ երկրորդ հերթի դասերը դեռ չեն սկսվել, առայժմ հայտնի չէ, թե նրանցից քանիսը դպրոց կգան:

Հետաքրքիր է, որ դեպքերի մեծ մասը գրանցվել է երրորդ, յոթերորդ եւ իններոդ դասարաններում: «Կան դասարաններ, որտեղ ոչ մի դեպք չի գրանցվել, եւ կան այնպիսինները, որտեղ գրանցվել է միանգամից 4-5 դեպք: Բայց երեխաների մեծ մասը հիվանդացել է երրորդ, յոթերորդ եւ իններոդ դասարաններում», - ասաց տնօրենը:
Նրա խոսքով` դպրոցը ջեռուցվում է, ինչպես հարկն է. դասարաններում օդի ջերմաստիճանը 20-22 աստիճան է, միջանցքներում `19-20 աստիճան:

Սուր շնչառական վիրուսային ինֆեկցիաների եւ գրիպի տարածումը կանխելու համար, տնօրենի խոսքով, բուժքույրերը զննում են երեխաներին դպրոցի մուտքի մոտ, իսկ ընդմիջումների ժամանակ շրջում են միջանցքներով: Եթե նրանք գրիպի ախտանիշներով երեխա են նկատում, ապա մեկուսացնում են նրան եւ կանչում ծնողներին, որպեսզի երեխային տանեն տուն կամ բժշկի: Սակայն բուժքույրերը եւս նշում են, որ դպրոցում կարող են լինել երեխաներ, որոնք դեռ հիվանդության ախտանիշներ չունեն, բայց որոնք արդեն հիվանդ են և կարող են վարակել ուրիշներին:

Ըստ ՀՀ առողջապահության նախարարության տվյալների` սեզոնի սկզբից Հայաստանում հիվանդների կենսաբանական նմուշների 740 հետազոտություն է անցկացվել, արդյունքում 18.5 տոկոսի մոտ A H1N1 գրիպ է հայտնաբերվել, 5.5 տոկոսի մոտ` B տիպի գրիպ, իսկ 24.7 տոկոսի մոտ` սուր շնչառական վիրուսային ինֆեկցիաներ, այդ թվում` ռինովիրուսներ, ադենովիրուսներ, շնչառական սինցիտիալ վիրուսներ եւ այլն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել