«Մի վախեցեք, մեռնելը դժվար է, ուզենաք էլ՝ չեք մեռնի, մի անգամ ձեր գլխի հետ թող իրենց բռունցքն էլ ցավի, տեսնեմ` մյուս անգամ կխփե՞ն. տղամարդու պես մի անգամ կանգնեք, թող ձեզ զոռով ծալեն, դուք մի կոտրվեք, թող ձեզ զոռով կոտրեն, մյուս անգամ տեսնեմ՝ կկոտրե՞ն, կծալե՞ն, կմոտենա՞ն...»․ ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Ի՞նչ տվեց մեզ թավշյա հեղափոխությունը։
Չգիտեմ։

Բայց այն, որ երկու հազար տարուց ավել (նորից եմ ասում՝ երկու հազար տարուց) մենք երբեք այսքան ինքներս մեզնով, այսքան մաքուր, մոնոէթնիկ, զուտ հայկական չէինք եղել, և որ այդ ամենին հասել էինք մեր զավակների կյանքի գնով, Արցախյան ազատամարտի ու Ապրիլյան քառօրյայի համաժողովրդական ընդվզումով, տոկունությամբ, ցուրտ, սոված ու սառը ձմեռների քողի տակ ամեն օր հերոսի դիակ հողին հանձնելու բոթ ու գույժին դիմանալով, արանքում հարսանիք ու երկունք տոնելով, փաստերի փաստն է։

Եւ որ ամենանշանակալի լուրը (գույժը), որ ականջ ու հոգի է սղոցում, որ մեզ բերեց սորոսյան հեղափոխական թավիշը, այն է, որ հիմա բանակցությունների, քննարկումների սեղանին է դրված Շուշիի ադրբեջանական համայնքի հարցը։

Ով կռվի, զոհվի, նահատակվի և ով բանակցի․․․

Այս հեղափոխության նպատակներն ատիճանաբար մեզ պարզ են դառնում։ Եւ դուք, որ ազնվության ու ազնվականության նշույլներ ունեք ձեր հոգում, վեր կացեք, կանգնեցրեք այս մանկամիտ համաճարակը, որի նպատակը մեզ մասերի բաժանելն ու հայ տեսակի աստիճանաբար վերացումն է։ Լավագույն դեպքում մեզ մի քաղաք-պետութան ձևով կթողեն ապրել ահագնացող Թուրքիայի և ծավալվող իսլամական պետության փեշերի ներքո, ու տեղ չի լինի քայլող մարդկանց արձանների համար, քանզի քայլելու տեղ չի լինի։

Թե՞ ձեզ թվում է՝ դուք տաքուկ Եվրոպաներում եք ապրում, ու նրանց հզոր պետությունների ծովեզրին մի Մոնակո էլ դուք կլինեք երևանյան ձեր հիվանդություններով։ Մեկ օրում մեզ այնպես կարտաքսեն մեր երկրից, եթե այսօր նրա մի թիզը զիջենք։ Ալիևի նպատակն էլ հենց դա է։ Ադրբեջանական կոչվող համայնքը երեք հարյուր հազարն անց է արդեն, մինչդեռ մենք նույն հարյուր քառասուն հազարն ենք։ Ովքե՞ր են թավշյա ձեր մաթեմատիկոս- հաշվապահները, ձեր ուղեղներում (հոգիներում) հայ չի՞ մնացել։ Դուք հասկանո՞ւմ եք, որ Հայաստանի Հանրապետության մեծագույն նվաճումն ու անվտանգության երաշխիքը մեր ազգային միատարրությունն է։

Ո՞ւր ես, հայկական սփյուռք։ Ինչո՞ւ բողոքի ալիք չեք բարձրացնում այս ամենի դեմ։ Ե՞րբ եք անցնելու գործի։ Ինչո՞ւ չեք ընդվզում, բոյկոտում այս իշխանություններին։ Ինչո՞ւ չեք վերադառնում, շենացնում այս (մեր, ձեր) երկիրը, մասնակցում նրա բանակային կյանքին։ Առանց հայրենիքի մենք գնչու ենք դառնալու։ Մենք արդեն սեղմվել ու սեղմվում ենք, բարակել, առվակ ենք դարձել։ Մինչև ե՞րբ եք երգեր երգելով ու կենացներ ասելով ապրելու։

Հ.Գ. Արցախյան պատերազմում հաղթանակած հայ մարդ, քո հերոսացումի արդյունքը վտանգված է։ Վեր կաց, օրենքի սահմաներում բողոքիր, ընդվզիր, թույլ մի՛ տուր՝ այս որոշումն անցնի։ Հայության լինելիության սահմանը վտանգված է։ ©️ Դավիթ Վանյան

Արցախը մեր միակ օրակարգն է և վերջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել