Եթե այն, ինչ տեղի ունեցավ երեկ ՀՀ Ազգային ժողովում, տեղի ունենար մեր արևելյան կամ արևմտյան հարևան պետություններից մեկում, կարելի էր լիաթոք ծիծաղել և լուծված համարել մեր արտաքին անվտանգության խնդիրը։
88 «ժողովրդի սրտի» երեսփոխաններ դեմքի լուրջ արտահայտությամբ և միտինգային պաթոսով հիմնավորում էին Սահմանադրության ավարտված և ուժը կորցրած հոդվածում փոփոխություն կատարելու «ժողովրդի» մանկական երազանքի իրականացման աննախադեպ անհրաժեշտության մասին, իսկ պետության ղեկավարը քրեական ենթամաշկույթ էր սփռում։

Էմոցիաներից զերծ և սթափ ուղեղով խնդիրը դիտարկելու պարագայում կոգնիտիվ դիսոնանսն անխուսափելի է, քանի որ բանականությունն անզոր է ընդունելու այդ ֆարսը, երեսպաշտությունն ու կեղծիքը։

Կուլմինացիան, իհարկե, գոյություն չունեցող նորմը փոխելու հարցով համապետական հանրաքվե անցկացնելու որոշումն էր, որի արդյունքում առնվազն 2 ամիս մեր քաղաքական և հասարակական ամբողջ դաշտը գտնվելու է ծայրահեղ լարվածության մեջ՝ ատելության և թշնամանքի աննախադեպ տարափի ու արդեն զզվելի դարձած ձայնային ելևէջների ճնշման ներքո։

Սակայն այստեղ կա մի շատ ավելի կարևոր հարց. ի՞նչ է տեղի ունենալու Հայաստանի կյանքում այս երկու ամսվա ընթացքում, որ հասարակությունը, զբաղված լինելով կեղծ օրակարգով, չպետք է նկատի, և այս հանրաքվեի աղմուկը ի՞նչ ավելի լուրջ և կարևոր աղմուկ պետք է խլացնի։

Զգոն եղեք, Հայաստանի համար Արցախից ավելի կարևոր հարց չկա, չի եղել և չի լինելու․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել