Hraparak.am-ը գրում է.

Դեռ մի քանի օր առաջ Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանից հետաքրքրվեցինք, թե ճի՞շտ են տեղեկությունները, որ քրեական գործ է հարուցվել, եւ նյութեր են նախապատրաստվում իր դեմ՝ կոռուպցիայի, հովանավորչության, չարաշահումների հիմքով, ինչին ի պատասխան՝ նա ծիծաղով արձագանքեց, թե նման բան չկա, եւ «կոնկրետ անձ է այդ լուրերը տարածում»` ակնարկելով Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանին, միաժամանակ մեզ հորդորելով հարգել սեփական թերթը եւ ոչ հավաստի ինֆորմացիա, բամբասանքներ չտարածել։ «Աշխատեք ինֆորմացիան ճիշտ ակունքներից ստանալ, ինչի՞ համար փողոցային խոսակցություններ տարածել եւ ավելորդ լարվածություն ստեղծել․․․ մենք մեր գործն անում ենք ու շատ էֆեկտիվ»,- այն ժամանակ ասել էր Վերմիշյանը։  

Երեկ արդեն ԱԱԾ-ն խուզարկություն անցկացրեց Վ․ Վերմիշյանի աշխատասենյակում, առգրավեց նրա համակարգիչն ու փաստաթղթերը, որից հետո նաեւ բերման ենթարկեց։ Ավելի ուշ ԱԱԾ-ն հաղորդագրություն հրապարակեց, որտեղ նշված էր, որ Վերմիշյանը «մտերիմի» միջոցով 5 դեպքով խոշոր եւ առանձնապես խոշոր չափերի կաշառք է ստացել։

Վահագն Վերմիշյանը Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակվել էր 2019-ի մարտին, մինչ այդ Երեւանի քաղաքապետի խորհրդականն էր, նախկինում զբաղեցրել է մի շարք ղեկավար պաշտոններ Ռուսաստանի Դաշնությունում։  

Նախօրեին տեղեկացանք, որ այս գործի շրջանակներում  ձերբակալվել է նաեւ Ճարտարապետության եւ շինարարության ազգային համալսարանի նախկին ռեկտոր Գագիկ Գալստյանը, ով նաեւ Շինարարների միության նախագահն է։ Ի դեպ, Գալստյանի մասին շատերը դրական կարծիք են հայտնում եւ զարմանում են կատարվածի առիթով։ Մենք տեղեկացանք, որ Գալստյանի մեղադրանքն այս գործով կապված է «Վաստակավոր շինարար» կոչման հետ, որի դիմաց Վերմիշյանը, ըստ մեղադրանքի, նրանից 5 հազար դոլար կաշառք է վերցրել։ Մեզ չհաջողվեց կապ հաստատել Գ․ Գալստյանի հետ, նրա հեռախոսն անջատված էր, բայց օրվա վերջին արդեն Հայաստանի Շինարարների միությունը հանդես եկավ հայտարարությամբ՝ ըստ էության, ո՛չ հերքելով, ո՛չ էլ հաստատելով նրա առնչությունն այս քրգործին․ «Առաջ մի ընկեք պաշտոնական եւ հավաստի լրահոսից, հարգեք անմեղության կանխավարկածը եւ նախաքննության գործընթացը: Գործ ունենք հանրապետությունում ճանաչված մարդու հետ»:   

Հատկանշական է, որ հոկտեմբերին հրաժարականի դիմում ներկայացրած Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը հայտարարել էր, որ չի կիսում կառավարության քաղաքականությունն ու առկա մոտեցումները քաղաքաշինության ոլորտում եւ չի կարող հանդուրժել դիլետանտիզմն ու «կոռումպացվածության հասնող թայֆայականությունը»։ Նա նաեւ նշել էր, որ քաղաքաշինության բնագավառում հետընթաց ունենք՝ ի դեմս քաղաքաշինության կոմիտեի ներկա եւ նախկին ղեկավարների` քաղաքականություն հիշեցնող իներցիոն իմիտացիաների։ 

Սարհատ Պետրոսյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է գնահատում Վերմիշյանի ձերբակալությունը, եւ սա ա՞յն է, ինչի մասին դեռ ամիսներ առաջ խոսում էր։ «Այս դեպքի առնչությամբ ասելու ոչ մի բան չունեմ․ իրավապահ մարմինները թող տան գնահատական, եւ երկրորդ՝ ընկած մարդուն չեն հարվածում»,-ասաց նա ու սահմանափակվեց այսքանով։   

Քաղաքաշինության կոմիտեի նախկին ղեկավար, այժմ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Ավետիք Էլոյանը որեւէ կերպ չմեկնաբանեց քաղշինկոմիտեի շուրջ ստեղծված իրավիճակը՝ խոստանալով առաջիկայում իր տեսակետը բարձրաձայնել մեր թերթի էջերում։ 

Ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք միշտ են մատնանշել, որ այս ոլորտն արմատական բարենորոգումների կարիք ունի․ «Չարաշահումների վերաբերյալ համապատասխան մարմինները մեկնաբանություններ կտան, իսկ ընդհանրապես՝ Քաղաքաշինության կոմիտեն պետք է իր բոլոր գործառույթներն ամբողջական անի, եւ այն, որ մեծ թերացումներ կային, դրանում ոչ մի խոսք»։

Ի՞նչ թերացումների մասին է խոսքը։ «Թերացումներ՝ զուտ օրենքների, նորմերի, կարգերի հաստատման եւ մնացած խնդիրների շուրջ, եւ եթե սրանից հետո որոշակի տեղաշարժ լինի, շատ լավ կլինի։ Առանձին դեպքերը, այսպես թե այնպես, ազդեցություն կգործեն, բայց մենք լիահույս կլինենք, որ կառավարությունն ավելի ուշադրություն կդարձնի նախագծման պրոցեսների, ընդհանրապես՝ ճարտարապետության, շինարարության վրա։ Սա մեր տնտեսության շարժիչ ուժերից է եւ կարեւոր ոլորտներից։ Լիահույս լինենք, որ կոմիտեն, արդեն ուշադրության կենտրոնում գտնվելով, իր կարեւոր դիրքերը կգրավի»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել