1980թ. դեկտեմբերի 8-ին Նյու Յորքում սպանվեց Ջոն Լենոնը՝ Beatles հանրահայտ խմբի անդամը։ 40-ամյա երաժիշտը մուտք էր գործել Մանհեթենում գտնվող իր բնակարան, երբ Մարկ Դավիդ Չեփմենը մոտ տարածությունից նրան կրակեց 4 անգամ։ Լենոնը արնահոսելով մահացավ հիվանդանոցում։ Նույն օրը՝ ավելի վաղ, Չեփմենը ստացել էր Լենոնի ստորագրությունը, իսկ կրակելուց հետո ինքնակամ մնացել դեպքի վայրում, մինչև կժամաներ ոստիկանությունը։ Շաբաթներ շարունակ հարյուրավոր երկրպագուներ անց են կացրել Լենոնի բնակարանի մոտ, սգո արարողություններ են կազմակերպվել աշխարհի տարբեր անկյուններում։

Ջոն Լենոնը XX դարի ամենահայտնի ռոք-խմբի՝ Beatles-ի երգերի մեծ մասի համահեղինակն էր։ Փոլ Մաքքարթնիի, Ջորջ Հարիսոնի և Ռինգո Սթարի հետ միասին նա գրավեց Մեծ Բրիտանիան 1963 թ. թողարկած “Please Please Me” երգով։ Հաջորդ տարի քառյակը նվաճեց ԱՄՆ-ն “I Want to Hold Your Hand” սինգլով և սենսացիոն տուրով։

The Beatles-ը վաճառեց միլիոնավոր սկավառակներ, նկարահանվեց մի քանի հիթային ֆիլմերում։ Շնորհիվ լիվերպուլյան քառյակի՝ երիտասարդությունը դուրս եկավ 1950-ականների մշակույթի շրջանակներից և պատրաստ եղավ նոր փոփոխությունների։

Լենոնն ամուսնալուծվեց առաջին կնոջից՝ Սինթի Լենոնից՝ որդու մորից, և 1971 թ. ամուսնացավ ճապոնացի նկարչուհի Յոկո Օնոյի հետ։ Հենց այդ ամուսնության պատճառով էլ քառյակի համատեղ աշխատանքն անհնար դարձավ, և 1970-ականներին Փոլ Մաքքարթնին հայտնեց խմբի կազմալուծման մասին։

Ջոն Լենոնը համարվում էր քառյակի ամենախելացին, հաճախ էր հարցազրույցներ տալիս և բաց ու անսպասելի հայտարարություններ անում։ Հետագայում նա հակառազմական ակտիվիստ դարձավ, ապա մի քանի սկավառակներ թողարկեց միայնակ և Օնոյի հետ միասին։ 1974 թ. վերջին անգամ հանդես եկավ համերգով։ 1975-ից սկսած նա հեռացավ երաժշտական բիզնեսից և առավել շատ ժամանակ սկսեց անցկացնել ընտանիքի՝ կնոջ ու որդու՝ Շոնի հետ։ 1980 թ. նա թողարկեց “Double Fantasy” սկավառակը, որի երգերը նվիրված էին Յոկոյին։

1980 թ. դեկտեմբերի 8-ին նրա խաղաղ ընտանեկան կյանքը խաթարեց Մարկ Դավիդ Չեփմենը։ Նա դատարանում իրեն մեղավոր է ճանաչել սպանության համար և ցմահ ազատազրկման դատապարտվել։

1980 թ. դեկտեմբերի 10-ին Ջոնի մարմինը դիակիզեցին և մոխիրը հանձնեցին Յոկոյին։ Թաղման արարողություն տեղի չունեցավ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել