Շրջանառության մեջ դնելով երեք նախագիծ, որոնցով առաջարկում է փոփոխություններ ու լրացումներ կատարել «Ազգային ժողովի կանոնակարգ», «Սահմանադրական դատարանի մասին» եւ «Հանրաքվեի» մասին օրենքներում, իշխանությունը շարունակում է շրջանցել Սահմանադրական դատարանը: Մի առանցքային դրվագ. երբ օրվա իշխանությունները նախաձեռնում են սահմանադրական փոփոխություններ իրականացնել և ամեն կերպ շրջանցում են ՍԴ-ն, այս ամենը դասական պետական հեղաշրջում է, ուրիշ ոչինչ: Այս գործընթացն ակնհայտ հակասահմանադրական է և իրավական լուրջ նորմերի հետ ոչ մի աղերս գործնականում չունի: Փաստն այն է, որ սահմանադրական փոփոխությունների նախագծերի սահմանադրականությունը քննարկում է ՍԴ-ն, և այս հարցում ՍԴ-ին արհամարհելով՝ իշխանությունները փաստացի իրավական մարտահրավեր են նետում ողջ իրավական համակարգին, քանի որ դրանից հետո տեղի ունեցող գործընթացները չունեն սահմանադրական կշիռ:

Առաջին հայացքից էլ պարզ էր, որ ՍԴ շուրջ տեղի ունեցող անհասկանալի ու անբռնազբոս գործընթացները չէին կարող վրիպել միջազգային կառույցների աչքից, և արձագանքները չուշացան: Հատկանշականն այն է, որ այս ակնհայտ «դեղին քարտերից» հետո, որոնք ցույց տրվեցին միջազգային կառույցների կողմից բացահայտ հակաժողովրդավարական ոտնձգությունների վերաբերյալ, իշխանական քարոզիչներն ու սատելիտները անհասկանալի մեկնաբանություններով ու զազրախոսություններով են զբաղված, փոխանակ վերլուծեն և հասկանան իրավիճակի լրջությունը: Վերոնշյալ իրադարձություններից ու քայլերից հետո միանշանակ պարզ է դառնում, որ օրվա իշխանություններն այս մարտավարությամբ ակնհայտորեն վերացնում են իրավական և ժողովրդավարական պետության համար կարևորագույն հենասյուները՝ իրավունքի գերակայության, իշխանությունների զսպման և հավասարակշռման, օրինականության սկզբունքները:

Հ.Գ. Հիշեցման կարգով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ (իշխանությունը յուրացնելը) ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ (սահմանադրական կարգը տապալելը)։
Հ.Հ.Գ. Նշված արարքներից յուրաքանչյուրի համար նախատեսվում է ազատազրկում` տասից տասնհինգ տարի ժամկետով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել