Hraparak.am-ը գրում է.

Արցախի պահպանողական կուսակցության ղեկավար Դավիթ Բաբայանը, որ 2007թ.-ից ի վեր նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակն է, իսկ մինչ այդ աշխատել է արտգործնախարարությունում, ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ հրավիրվել է ԱՊԿ արտահերթ համագումար եւ խորհրդի նիստ, ընդունվել է իր գլխավորությամբ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու որոշում: Մինչ այդ Դավիթ Բաբայանը բազմիցս ասել է, որ կուսակցությունը կմասնակցի միայն խորհրդարանական ընտրություններին եւ կհայտարարի նախագահի թեկնածուներից մեկին աջակցելու մասին: Դավիթ Բաբայանի այսօրվա որոշումն, ըստ այդմ, անսպասելի էր: Ստեփանակերտում վերջին օրերին խոսվում էր, որ նախընտրական տրամադրություններով հանդիպումների ընթացքում Դավիթ Բաբայանն սկսել է քննադատություն հնչեցնել գործող իշխանությունների հասցեին:

Որքանո՞վ են հավաստի այդ տեղեկությունները՝ հայտնի չէ: Հրապարակային ելույթներում Բաբայանը հանդես է գալիս զուսպ գնահատականներով, ինչից կարելի է տպավորվել, որ նա քաղաքական հաջորդայնության, ավանդույթների պահպանման եւ զգուշավոր բարեփոխումների ջատագով է: Նախագահական ընտրապայքարին մասնակցելու նրա որոշումը կարող է բերել քաղաքական հռետորաբանության փոփոխության: Բաբայանից բացի ովքե՞ր են Արցախի պահպանողական կուսակցության ղեկավար կազմում՝ հանրային լայն շրջանակները տեղյակ չեն: Հանդիպումների նա ներկայանում է մենակ, ինքն էլ լուսաբանում է դրանք, իսկ ավելի հաճախ ընտրազանգվածի հետ շփվում է ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով:

Մի շարք հանգամաներ հաշվի առնելով, Դավիթ Բաբայանը չի կարող լինել նախագահի ֆավորիտ թեկնածու: Եւ հասնականալի է, որ թեկնածու առաջադրվելու որոշումը կայացվել է ինչ-որ հաշվարկով: Ստեփանակերտում կարծիք կա, որ նախագահական ընտրությունների հիմնական ինտրիգը մեկն է՝ դրանք կավարտվեն մեկ փուլո՞վ, թե՞ ոչ: Քաղաքական որոշ ուժեր խոսում են երկրորդ փուլի անխուսափելիության մասին: Բացառված չէ, որ Դավիթ Բաբայանը նախագահական մրցապայքարի մեջ է մտնում ,,երկրորդ փուլի անխուսափելիության,, նախագծի շրջանակներում: Այդ դեպքում նա կարող է գոնե ապահովել հինգ տոկոսի շեմը եւ ներկայացված լինել Ազգային ժողովում: Որոշ աղբյուրներ չեն բացառում, որ նա կարող է նախընտրական դաշինք կազմել «Վստահություն» կուսակցության հետ: Վերջինիս ղեկավարը նախկին բարձրաստիճան զինվորական Գրիգորի Սահակյանն է, ով Ստեփանակերտի քաղաքապետի թեկնածու էր վերջին ՏԻՄ ընտրություններում: Սահակյանը հայտարարել է, որ ինքը նախագահի թեկնածու չի առաջադրվելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել