Ermenihaber.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 1 ամիս ժամանակ է տվել Սիրիայի իշխանություններին՝ կառավարական ուժերը Սիրիայի Իդլիբ նահանգում գտնվող թուրքական հենակետերից ավելի հետ քաշելու համար: Էրդողանը շեշտել է, որ եթե Սիրիայի իշխանությունները փետրվարի ընթացքում հետ չքաշվեն, Թուրքիան ստիպված կլինի այդ գործն անձամբ իրականացնել:

Էրդողանն իր այդ հայտարարությունը հիմնավորել է՝ հղում անելով Ադանայի համաձայնագրի դրույթներին: Համաձայնագիրը Թուրքիան և Սիրիան ստորագրել են 1998 թվականին: Նրա խոսքերով՝ այդ համաձայնագիրը Թուրքիային իրավունք է տալիս ահաբեկչական սպառնալիքից իր սահմանների անվտանգությունը պաշտպանելու նպատակով ներկայություն ունենալ այդ տարածքներում (Սիրիայի հյուսիսային շրջաններում- խմբ.):

Թուրքիայի նախագահը հայտնել է, որ Թուրքիան ո՛չ ցանկություն, ո՛չ էլ նպատակ ունի իր որևէ դաշնակցի, բարեկամի և որևէ այլ երկրի հետ առճակատման գնալ:

Անդրադառնալով Ռուսաստանից Թուրքիայի ակնկալիքներին՝ Էրդողանը նշել է. «Ակնկալում ենք, որ Ռուսաստանը ավելի լավ հասկանա Սիրիայում մեր մտահոգությունները»:

Հիշեցնենք, որ Իրանի և Ռուսաստանի հետ Իդլիբի հարցում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ Թուրքիան այնտեղ 12 հենակետ էր հիմնել: Իդլիբում իրավիճակի լարումը կապված է Սիրիայի կառավարական ուժերի վերջին առաջխաղացման հետ:

Նշենք նաև, որ Թուրքիայի պաշտպանության նախարարության փոխանցմամբ` Սիրիայի կառավարական ուժերի կողմից փետրվարի 3-ին Իդլիբում իրականացված ինտենսիվ հրետակոծության հետևանքով սպանվել էր Թուրքիայի բանակի 7 զինծառայող և 1 քաղաքացիական անձ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել