Ինձ տհաճ է, երբ հրապարակային վիրավորում են Հայաստանի ղեկավարին, բայց...

Ատելությունն ու թշնամությունը որդի պես կրծում և թունավորում են մեր հասարակությունը, պառակտում և բաժանում հանրության տարբեր խմբերին և շերտերին։
Շատ վտանգավոր է, և արդեն հատել ենք թույլատրելի բոլոր սահմաններն ու կարմիր գծերը։

Եթե անկեղծ լինեմ, ապա ինձ չափազանց տհաճ է, երբ վիրավորում և հայհոյում են Հայաստանի ղեկավարին, անպատվում ու պախարակում են նրան։ Սա պետության և պետականության խնդիր է, ինչը չի ընկալվում քաղաքական դիմակայության և հակամարտության մեջ գտնվող քաղաքական բեևեռների և դրանց օդիոզ ներկայացուցիչների կողմից։

Բայց ստիպված եմ փաստել, որ կրկնակի տհաճ է, երբ այդ սահմաններն ու գծերը հատում է հենց ինքը՝ պետության ղեկավարը։ Ոչ մի կերպ չեմ կարող ընկալել և հասկանալ նրա շուրթերից հնչող փողոցային բառամթերքը, չմտածված ու չհաշվարկված հայտարարությունները, կոպիտ և վիրավորական արտահայտությունները։

Եթե «ասֆալտին փռելու և ոտքերը մաքրելու» մասին խոսում է քաղաքական ընդդիմադիր ուժի որևէ ներկայացուցիչ, ապա դա անընդունելի է, սխալ է, սակայն երբ «ասֆալտին փռելու» և «պատերին ծեփելու» հրաման է հնչեցնում պետության ղեկավարը, ապա դա ոչ միայն սխալ է և անընդունելի, այլևս անօրինական է ու պաշտոնական դիրքի չարաշահում, քանի որ պաշտոնատար անձը գործում է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, իսկ «ասֆալտին փռելու և պատերին ծեփելու» լիազորություն ՀՀ վարչապետը չունի և չի կարող ունենալ։

Եթե պետության ղեկավարը իրեն թույլ է տալիս որոշել, թե ով տեղ ունի Հայաստանում, ով՝ ոչ, ապա ի՞նչ պահանջել արմատական ընդդիմությունից։ Եթե Հայաստանում օրինականության պաշտպան և երաշխավոր ոստիկանությունը ահաբեկչին ծառայողական մեքենայով է ուղեկցում, իսկ ոստիկանապետը նրա առջև բացում է մեքենայի դուռը, սակայն այդ նույն ոստիկանությունը ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահին ձեռնաշղթաներով ու կարմիր բերետավորներով բերման են ենթարկում, քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ անօրինական և չարդարացված ուժ են կիրառում ու նվաստացնում նրանց արժանապատվությունը, ապա ի՞նչ իրավունքով պահանջենք այդ նույն ընդդիմադիրներից, որ հանդուրժող և կոռեկտ լինեն իրենց խոսքում։

Երբ ասում ենք, որ օրվա իշխանությունը ուղիղ պատասխանատու է երկրում կատարվող ամեն ինչի համար, հենց սա ի նկատի ունենք։

Երբ ասում ենք, որ այլակարծությունը նորմալ է և պետք է, իսկ նրանց նկատմամբ իշխանության կողմից կազմակերպված ագրեսիվ իրական և ֆեյքային հարձակումները վտանգավոր են ներքին կայունության համար, հենց սա ի նկատի ունենք։

Հարգելի իշխանություններ, հարգելի պարոն Փաշինյան, խնդրում/հորդորում/պահանջում եմ դադարեցնել ատելության և թշնամանքի գեներացումն ու տարածումը, զգույշ և պատասխանատու լինել արտաբերած խոսքերի, գնահատականների մեջ, հավասարակշռված և հաշվարկված լինել ներքին և արտաքին քաղաքական գործընթացներին գնահատական հնչեցնելու և գործողություններ կատարելու հարցում։

Անջատեք ֆեյքային ֆաբրիկաները, զսպեք ձեր ագրեսիվ և հիստերիկ կողմնակիցներին, չափավորեք Ձեր և Ձեր թիմի անդամների տրված գնահատականներն ու արտահայտությունները։

Հավատացնում եմ Ձեզ, որ, սա անելով, Դուք կզսպեք և կսահմանափակեք Ձեր իշխանության ընդդիմախոսներին և կտաք հնարավորություն քաղաքական գործընթացները տեղափոխելու ազգային և պետական շահերի հարթություն, առաջ բերելու իրական օրակարգ և լցնելու այն քաղաքական բովանդակությամբ։

Վստահ եղեք, սրանից առաջինը կշահեք Դուք, ապա Հայաստանը և վերջապես՝ մեր քաղաքացիները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել