Hraparak.am-ը գրում է․

Վարչապետ Փաշինյանի վերջին մեկ ու կես տարվա գործունեությունը կարելի է բնորոշել նաև որպես արժեքների և ինստիտուտների ապասակրալացման շրջափուլ: Երևի թե ֆիլմերում կամ էլ գրքերում հանդիպած կլինեք այնպիսի տեսարաններ, երբ մարդիկ մտնում են ինչ-որ պաշտամունքային խոշոր նշանակություն ունեցող տաճարներ և փշրում ու հողին հավասարեցնում աստվածությունների կամ էլ կուռքերի փոքրիկ արձանիկները: Ահա, գործ ունենք այդ նույն տեսարանի հետ: Վարչապետը մեկը մյուսի ետևից փշրում է տասնամյակներ շարունակ սակրալ աստվածության կարգավիճակ ունեցող իշխանական ատրիբուտները: Ի դեպ սա միանշանակ գործընթաց չէ. որոշ դեպքերում ապասակրալացումը պարզապես անհրաժեշտություն է, իսկ որոշ դեպքերում էլ հետևանքները կարող են կործանարար լինել, քանի որ, պետություններն ու հանրույթները, այնուամենայնիվ, կենսունակություն են դրսևորում նաև ինչ-որ անձեռնմխելի արժեքների և հեղինակավոր ինստիտուտների հաշվին: 

Օրինակ Բաղրամյան 26-ի շուրջ ձևավորված միֆի ջախջախումը չափազանց դրական նշանակություն ունեցավ: Այդ շենքը տարիներ շարունակ ժողովրդի միջավայրում դիվային ու վերբնական ընկալում է ունեցել: Դա իշխանության անառիկ միջնաբերդն էր, Սերժ Սարգսյանի անպարտելիության խորհրդանիշը: Այդտեղ հավաքվում էին միայն աստվածները, իսկ հասարակ մահկանացունեը նույնիսկ չէին էլ կարող մոտենալ:

Փաշինյանը կոտրեց նաև պետության ղեկավարների վերաբերյալ հանրային կարծրացած ընկալումները, քանի որ ինչ-որ իմաստով սակրալ աստվածության կարգավիճակ են ունեցել նաև Հայաստանի նախկին ղեկավարները: Նրանք մշտապես բազմում էին «Օլիմպոսի» գագաթին և այնկողմնային աշխարհից հետևում մահկանացուների անցուդարձին: Մարդիկ նրանց համար փոքրիկ միջատներ էին, քանի որ ամպերից այն կողմ ամեն ինչ միջատի փոքրություն ունի: Ինչպես տեսնում ենք պետության ղեկավարի այս կարգավիճակը նույնպես ապասակրալացվեց: Աստվածները, կորցնելով իրենց անմահությունը՝ փորձեցին իջնել Օլիմպոսի գագաթից և գոյակցել մահկանացուների համակեցությունում: Սկզբնական շրջանում սա չափազանց դրական գործընթաց էր, որը կարելի էր բնորոշել այսպես. «Աստվածների մայրամուտը»: 

Բայց հենց աստեղ է թաքնված հիմնախնդրի ոչ միանշանակությունը: Ոչնչացնելով նախկին ռեժիմի սակրալ արժեքները՝ ժամանակի ընթացքում Փաշինյանն էլ ավելի սրբադասված և անձեռմխելի արժեքներ ստեղծեց: Ի դեպ սա բոլոր հեղափոխություններին և ինչու չէ նաև հասարակարգի փոփոխություններին բնորոշ օրինաչափ երևույթ է: Օրինակ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Նիկոլայ 2-ի սպանությունը միայն անձի չեզոքացում չէր: Բոլշևիկներն այդ ակտով վերջնականապես արմատախիլ էին անում քարացած ավանդույթի ուժ ունեցող այն իշխանությունը, որը բխում էր աստծուց: Չէ՞ որ ուղղափառության միջավայրում կայսրը աստծո կրտսեր գործակիցն էր: Փաստորեն պետությունը հենց կայսրն էր: Ոչնչացնելով կայսրերի «տիեզերական» իշխանությունը՝ Լենինն ու Տրոցկին, հնարավոր է և իրենց կամքից անկախ, շուտով հայտնվեցին այդ նույն կարգավիճակում: Չէ՞ որ Տրոցկին պետք է ասեր. «Я сакральное божество Красной армии»:

Ցավոք սրտի գրեթե նույն տրամաբանությունը արձանագրվեց նաև մեր իրականությունում: Այսինքն Նիկոլ Փաշինյանը, ոչնչացնելով նախորդ իշխանության աստվածային կարգավիճակը, ժամանակի ընթացքում հենց ինքն էլ աստվածության կարգավիճակ ձեռք բերեց։ 

Բայց սա դեռ ամենը չէ։ Դառնալով անձեռմխելի՝ Փաշինյանը շարունակեց ապասակրալացման արշավը և հարվածն ուղղեց ամբողջ պետական համակարգի ուղղությամբ։ Հարվածի թիրախում են հայտնվել պետական ամենակարևոր ինստիտուտները, որոնք մեկը մյուսի հետևից հեղինկազրկվում են ու հավասարեցվում հողին: Շարժառիթը մեկն է. դաշտում միայն մեկ հեղինակություն պետք է լինի, որն է՝ սուպերվարչապետական ինստիտուտը: 

Սա կործանարար ընթացք է: Պետության ու հանրության մեջ, այնուամենայնիվ, պետք է ինչ-որ հեղինակություններ լինեն: Չի կարելի ամբողջ համակարգը կառուցել մեկ անձի հեղինակության և ազդեցության հիմքի վրա: Պետությունը չի կարող արդյունավետ լինել առանց հավասարակշռման մեխանիզմների: Բայց ի՞նչ հավասարակշռություն , եթե ինստիտուտները հեղինակզրկվում են ու տրորվում: Ներկայումս Հայաստանում չկա քիչ թե շատ հեղինակություն ունեցող ինչ-որ ծանր քաշային գործիչ, որը կկարողանա հավասարակշռել սուպեր վարչապետի միահեծան կամայականությունները: Մարդիկ հրապարակայնորեն նվաստացվում են, իսկ ինստիտուտներն էլ՝ ապասակրալացվում: 

Վերջաբանի փոխարեն ուզում եմ միայն մի հարց տալ: Ո՞րն է հաջորդ պետական ինստիտուտը, ավելի շուտ ո՞ր կարևոր կառույցն է հերթագրված հաջորդիվ հեղինակազրկվելու և ապասակրալացվելու համար: Միգուցե՞ Պաշտպանության նախարարությունը: Դե պաշտպանության նախարարն էլ բավականին մեծ հեղինակություն ունի և իմ կասկածները հենց այդ հանգամանքով են պայմանավորված: Եկեք հեղինակզրկենք բանակի հրամանատարներին և այնպես հեղինակզրկենք, որ նույնիսկ զինվորներն այլևս չհարգեն նրանց: 

Մենք անցնելու ենք ու գնանք, բայց պետությունը հավերժ է, և խնդիրն այն է, թե ի՞նչ արժեքներ ու ինստիտուտներ ենք մենք փոխանցելու հաջորդ սերունդներին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել