Pastinfo.am-ը գրում է․

«Այն, որ մեզ հաթաթա են տալիս, դա լավ չէ։ Բազմաթիվ անգամ մենք զգուշացրել ենք, որ յուրաքանչյուր գործընթաց, որը տեղի է ունենում Հայաստանում, յուրաքանչյուր պարագայում պետք է լինի այնքանով մտածված եւ այնքանով օրենքին համապատասխան, որ ոչ միայն եվրոպացիների, այլեւ առհասարակ, որեւէ մեկի մոտ կասկած չառաջացնի»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը՝ անդրադառնալով ՀՀ ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԵԽԽՎ Հայաստանի հարցերով համազեկուցողների եւ Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարություններին:

Աբովյանն ասաց՝ վատ ազդակներ ենք ստացել Եվրոպայից եւ հույս հայտնեց, որ համապատասխան հետեւություններ կարվեն։

Հարցին, իսկ ո՞վ պետք է հետեւություններ անի, իշխանությո՞ւնը, որը հայտարարում է, որ եվրոպական կառույցների ուղերձների հասցեատերը ՍԴ-ն է, Արման Աբովյանը պատասխանեց. «Ես չեմ ուզում հիմա անդրադառնալ կոնկրետ անունների։ Գիտեք, ինձ մոտ տպավորություն է, որ կողմերը, որոնք ներքաշված են այս ընթացքի մեջ, նկատի ունեմ հստակ կողմերը՝ իշխանությունը եւ ՍԴ-ն, կարդում են ոչ թե անմիջապես փաստաթղթերը, այլ դրանց միջից մեջբերումներ։ Պետք է հաշվի առնել մի շատ կարեւոր հանգամանք, որ այս փաստաթղթերի հայտնվելը հենց հետեւանք է այն բոլոր «բոլոլայի», որն այսօր տեղի է ունենում Հայաստանում»։

Արման Աբովյանը շեշտեց՝ եթե Հայաստանն ուզում է շարժվել օրինականության ճանապարհով, ապա այդ ճանապարհը պետք է լինի միայն օրենքի սահմաններում։

Հիշեցնենք, նախօրեին Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն հայտարարել էր, որ կիսում է ԵԽԽՎ զեկուցողների մտահոգությունները: «Ես կցանկանայի հիշեցնել Վենետիկի հանձնաժողովի 2019 թվականի հոկտեմբերին ընդունված այն կարծիքը, որ ՍԴ –ի հետ կապված վաղաժամ կենսաթոշակային սխեման պետք է իսկապես կամավոր լինի՝ բացառելով շահագրգիռ դատավորների վրա որևէ քաղաքական կամ անձնական ճնշման գործադրումը եւ չպետք է որեւէ ազդեցություն ունենա քննվող գործերի ելքի վրա։ Վերջին հրապարակային հայտարարություններն ու գործողությունները չեն բավարարում այդ չափանիշներին և չեն նպաստում իրավիճակի հանգուցալուծմանը: Ժողովրդավարական մշակույթը և հասունությունը պահանջում են ինստիտուցիոնալ զսպվածություն, բարեխղճություն և փոխադարձ հարգանք պետական ինստիտուտների միջև»,-շեշտվում է հայտարարության մեջ»,-նշված էր հայտարարության մեջ:

Իսկ հունվարի 31-ին հայտարարությամբ հանդես էին եկել ԵԽԽՎ հայաստանյան հարցերով համազեկուցողներ Անդրեյ Շիրչելջին և Կիմմո Կիլիջունեն հայտարարել էին. «Վերահսկողությունն ու փոխզսպումը անհրաժեշտ են ցանկացած ժողովրդավարական համակարգում։ Սա ենթադրում է, որ բոլոր ինստիտուցիոնալ լիազորությունները պետք է գործեն ըստ օրենքի գերակայության և հարգվեն գործով և բառերով, ներառյալ անմեղության կանխավարկածի սկզբունքի նկատմամբ: Եթե նրանք չեն կարող համագործակցել այս սկզբունքների համաձայն, ապա դրանք քայքայում և վնասում են միմյանց: Հետևաբար, մենք անհանգստացած ենք այն երկարաժամկետ վնասով, որը կարող է բերել դատական համակարգին այն լարվածությունը, որը հասել է աննախադեպ մակարդակի»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել