Tert.am-ը գրում է.

Հայաստանի իշխանությունների կեցվածքն ադեկվատ չէ միջազգային զարգացումներին: «Տողերի արանքում» հաղորդաշարի հերթական թողարկման եթերում նման կարծիք է հայտնել վերլուծաբան Կարեն Բեքարյանը:

ԱՄՆ պետքարտուղարի այցը Ռուսաստանի շահերի տիրույթում գտնվող երկրներ վկայում է ԱՄՆ-Ռուսաստան հնարավոր սրացման մասին, Մերձավոր Արևելքում սրվում են ռուս-թուրքական հարաբերությունները, նոր զարգացումներ են տեղի ունենում արաբա-պաղեստինյան հակամարտության համատեքստում: Սակայն չկա որևէ վստահություն, որ Հայաստանի իշխանությունները հետևում են այդ զարգացումներին և մեզ համար առաջացող ռիսկերին:

«Թուրքիան նորից սկսում է գործ ունենալ վարձկանների հետ՝ Սիրիայից տեղափոխելով նրանց Լիբիա: Առկա են վտանգներ, և մեզ հետ դրանք կարող են առնչություններ ունենալ: Փորձո՞ւմ ենք կենտրոնացնել մեր ուշադրությունը դրա վրա և հրավիրել գործընկերների ուշադրությունը: Գնահատո՞ւմ ենք արդյոք, թե ռուս-թուրքական սրացումն ինչպես կարող է պռոյեկտվել դեպի Հարավային Կովկաս և մեր անվտանգությանն ուղղակիորեն առնչվող շահերի գոտի»,-հարցնում է վերլուծաբանը:

Նա ուշադրություն է հրավիրում այս հարցերի վրա և նշում, որ «ցանկացած պահի ցուցաբերած դանդաղկոտությունը, ոչ կոմպետենտությունը կարող են ճակատագրական հետևանքներ ունենալ»:

Կարեն Բեքարյանը նաև հնարավորություններ է առանձնացնում Հայաստանի և Արցախի համար՝ ԱՄՆ կողմից առաջարկված «Դարի գործարքի» և, ընդհանուր առմամբ, պաղեստինյան հակամարտության զարգացման համատեքստում:

«Իսրայելը չի հրաժարվում այն ամենից, ինչ կարողացել է ձեռք բերել իր նախորդների, սերունդների համառ աշխատանքի արդյունքում: Իսրայելն իր պետական համակարգով, էլիտաներով՝ դիմադիր կամ ընդդիմադիր, երբևէ որևէ կերպ ցույց չի տվել, որ իր համար այս հակամարտությունը հոգնեցուցիչ է և ինքն ուզում է օր առաջ ազատվել դրանից»,-նշել է Բեքարյանը և ընդգծել, որ դա ժամանակի հետ տվել է իր արդյունքը: Միջնորդների կողմից առաջարկվող ամեն նոր փաթեթ ավելի շահեկան է Իսրայելի համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել