Hraparak.am-ը գրում է.

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը։

Նիստի մեկնարկին դատավորը Քոչարյանի եւ Արմեն Գեւորգյանի պաշտպաններից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ դատական նիստին չէին ներկայացել։ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումայանն ասաց, թե դատարանը չի փորձել պարզաբանումներ ստանալ տուժողի իրավահաջորդներից՝ Էդիկ Հարությունյանի կողմից հնչեցրած արտահայտությունների վերաբերյալ․

«Փոխանակ ինքներդ պարզեք՝ ինչ նկատի ուներ, որեւէ ձեւով չարձագանքեցիք։ Երկու կողմերին դիտողություն արեցիք էն բանի համար, որ մենք փորձում էինք պարզել՝ ինչ նկատի ուներ։ Երկու շաբաթ հետո միայն Դուք փորձեցիք պարզել, բայց մինչեւ էդ այդ նույն բանը մենք էինք փորձում անել»։

Նույն հիմնավորումները ներկայացրին նաեւ Քոչարյանի մյուս պաշտպանները։ Արմեն Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ պաշտպանական կողմի նկատմամբ դատավարության ընթացքում բազմիցս հնչեցվել են վիրավորական արտահայտություններ, եւ դատարանը դրա դեմ ոչինչ չի ձեռնարկել։ Դատավորն արձանագրեց՝ պաշտպանները դատական նիստի բնականոն ընթացքը խաթարել են։

Նրանց նկատմամբ դատական սանկցիա կիրառվեց՝ նկատողություն։

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստերից մեկում, տուժողի իրավահաջորդը, դիմելով պաշտպաններին՝ ասել էր․ «Թող հարգելի պաշտպանները հարգեն Մարտի 1-ը, թե չէ կհայտնվեն մեր տեղում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել