Hraparak.am-ը գրում է.

Հարգելի, սիրելի ու սքանչելի տիկին Մակունց

Ուզում եմ իմ անունից Ձեզ տեղեկացնել, որ Դուք ժողովրդի, ՀՀ քաղաքացու անունից խոսելու իրավունք չունեք, քանզի ժողովրդի մի մասնիկն էլ ես եմ, մի ՀՀ քաղաքացի էլ ես եմ և ես ձեզ Սահմանադրության, օրենքների ու վերջապես երկրի հերն անիծելու պահանջ չեմ ներկայացրել: Եւ ես հիմա այսքանը Ձեզ ասելու առնվազն բարոյական իրավունք ունեմ, որովհետև

ա) Երբ դուք դուրս եկաք փողոց՝ քայլելու և Սերժին մերժելու, հոգու խորքում ձեզ հետ հույս փայփայողներից, հետո ձեր քայլերթն ակտիվ լուսաբանողներից մեկը ես եմ եղել՝ որպես քաղաքացի ու լրագրող, որ վերջապես ազատվենք Սերժից ու ՀՀԿ-ից: Հիմա էլ չեմ փոշմանում դրա համար:

բ) Երբ Սերժը հրաժարականի տեքստը տարածեց, առաջին սրտանց ծափահարողներից ու փողոցում անծանոթ մարդկանց ուրախությունից գրկողներից մեկը ես եմ եղել:

Բացի այդ՝

-Երբ Սերժի իշխանության օրոք ձեր խմբակցության պատգամավորներից ոմանք ընտրություններին զբաղված էին ՀՀԿ-ական օլիգարխներիի համար ձայներ բերելով, ես ու մայրս էդ ընթացքում տեղամասերում պայքարում էինք ՀՀԿ-ականների բերած թաղային խուժանի և ընտրակեղծարարների կրիմինալ բանդաների դեմ:

-Երբ ձեր թիմակիցներից ոմանք այդ նույն ընտրություններին տարատեսակ ծառայություններ էին մատուցում իշխանական թեկնածուներին, մորս, որ հանձնաժողովի անդամ էր, ընտրատեղամասում փորձում էին մեծ փողերով կաշառել, հազար մարդ խառնել, ճնշել, վախեցնել, որ աչք փակի իրենց կեղծիքների, լցոնումների վրա: Ու չէին կարողանում, ի տարբերություն, օրինակ, ՀԱԿ-ից առաջադրված վստահված անձանց կամ հանձնաժողովի անդամների: Խոսքերս հավաստողներ կան, կարող են վկայել:

-Երբ ձեր պատգամավորներից ոմանք, որոնք մինչ օրս աչքի են ընկել միայն իրենց ակնհայտ ցածր բարոյական նկարագրով, նախկինների օրոք պաշտոնի լինելով՝ զբաղված էին (ըստ մամուլի չհերքված տեղեկությունների) անօթևանների համար հատկացված օգնությունները յուրացնելով, չասեմ՝ թալանելով, ես, հայրս ու մայրս, բազմաթիվ զրկանքներ կրելով, զբաղված էինք ազատ ու արդար Հայաստանի համար պայքար մղելով, ՀՀԿ-ականների ալան-թալանի, ապօրինությունների, տարատեսակ այլանդակությունների դեմ ընդվզելով ու չարտագաղթելով…

-Երբ ձեր թիմակիցներից ոմանք ՀՀԿ-ականների կաբինետներում ստվերային գործարքներով ու իրենց նեղ անձնական խնդիրները լուծելով էին զբաղված, ՀՀԿ-ական պատգամավորներից ոմանք իրենց  օգնականներին հրահանգում էին «Վահեի հարցերը լուծել», որովհետև իմ գրածերը իրենց դուր չէին գալիս… Ինչպես տեսնում եք, բախտս բերել է՝ հարցերս չեն լուծել, երևի ի դժբախտություն ձեզ:

Այս շարքը կարող եմ անվերջ շարունակել... Ասածս ինչ է՝ այսքանից հետո, տիկին Մակունց, ես՝ որպես ժողովուրդ ու քաղաքացի, արգելում եմ իմ անունից հանդես գալ ու ձեր դավադիր, ապօրինի նպատակներն իմ անվան տակ իրագործել: Չեք հավատա, բայց ես էլ եմ ժողովրդի մի մասնիկ, մենք՝ լրագրողներս, առհասարակ, լիարժեք քաղաքացի ենք, ի զարմանս ձեզ, և մենք ձեզ նման բան չենք հանձնարարել: Այնպես որ, թող կոպիտ չհնչի, բայց գլուխը պատին է տվել Ձեր մատնանշած այն «ժողովուրդը», որը պետք է ձեզ պատվիրակի դեմ գնալ Սահմանադրությանը, օրենքներին, ինչ է թե հագուրդ տա մեկ անձի քմահաճույքներին: Կարճ ասած՝ կամաց-կամաց կործանի այն երկիրը, որտեղ ես եմ ապրում: Որովհետև առնվազն ես որ դրա համար չեմ հեղափոխությունը պաշտպանել: 

Կարծում եմ՝ հասկացաք ինձ, տիկին Մակունց…Շնորհակալություն փոխըմբռնման համար: Նշեմ, որ սա իմ անձնական կարծիքն է, ու ես չեմ վախենում այն արտահայտել: 

Հ.Գ. Ի դեպ, ՀՀԿ-ականներն էլ էին իրենց այլանդակ նախաձեռնությունները, իրենց բազմաթիվ ապօրինություններն արդարացնում ժողովրդի «ստացած» քվեով, ու տեսանք՝ վերջը ինչ եղավ: Իրենց վերջը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել