Pastinfo.am-ը գրում է.

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը կարծում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումը, որպես առանձին մարմին, այնքան էլ հիմնավորված չէ ։

«Որոշակիորեն խնդրահարույց է քննչական եւ օպերատիվ եւ հետախուզական գործառույթների մեկտեղումը մեկ մարմնում, որովհետեւ օբյեկտիվության եւ անաչառության հնարավոր սահմանափակման խնդիր է առաջանում: Եթե ընդհանուր նպատակ է հետապնդվում ապահովել տվյալ մարմնի օբյեկտիվությունն ու անաչառությունը, ապա իրավակիրառ պրակտիկայի ուսումնասիրությունը վկայում է, որ այդ գործառույթների մեկտեղումը մեկ մարմնում այնքան էլ նպատակահարմար չէ »,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Գոհար Մելոյանը։

Հիշեցնենք, որ Արդարադատության նախարարությունը «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» նախագծերի փաթեթ է ներկայացրել հանրային քննարկման, որով նախատեսվում է կոռուպցիոն բնույթի հանցագործություններ քննող իրավապահ մարմին ստեղծել, իսկ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարել է, որ այդ կառույցում մեկտեղված են լինելու քննչական և օպերատիվ հետախուզական գործառույթները:

«Որքան էլ հակակոռուպցիոն ուղղությունը առաջնահերթություն լինի պետության համար, կարծում եմ թե ռեսուրսի, թե ֆինանսի բաշխման տեսանկյունից նպատակահարմարության հետ կապված խնդիր է առաջանում։ Հետաքրքիր կլինի տեսնել, օրինակ, արդյո՞ք այդ նախագծի հետ կապված կարգավորման ազդեցության գնահատումներ եղել են, արդյո՞ք գնահատել են, թե ինչպիսի ծանրաբեռնվածություններ են առաջանալու»,-ասում է սահմանադրագետը՝ հավելելով, որ պետության համար հակակոռուպցիոն պայքարի կարեւորությունը շատ է ընդգծված։

«Այո, պետության համար հակակոռուպցիոն պայքարը կարեւոր է, բայց ոչ ավելի կարեւոր, քան օրինակ, երկրի ազգային անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների կամ կյանքի եւ առողջության դեմ ուղղված հանցագործություններ դեմ պայքարը»,-նկատում է Գոհար Մելոյանը՝ նաեւ հավելելով, որ կրկին անհամաչափ պայմաններ են ստեղծվելու այլ քննչական մարմինների համեմատ։

Գոհար Մելոյանի խոսքով, ՀՀ քննչական կոմիտեում առկա են համապատասխան ուղղություններով ստորաբաժանումներ եւ հնարավոր էր ՔԿ-ի կազմում որպես առանձին վարչություն նախատեսել այդ գործառույթը։

Ինչ վերաբերում է նոր ստեղծվելիք մարմնում քննիչների՝ մրցութային կարով ընդունվելու հանգամանքին, ըստ Մելոյանի, այստեղ նորություն չկա, նույն ՔԿ քննիչները նշանակվում են մրցութային կարգով։

Ի դեպ, ուշագրավ է, որ Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումը նախատեսված է «2019-23թթ դատաիրավական բարեփոխումների» ռազմավարությամբ, որտեղ խոսք է գնում հակասահմանադրական մարմնի ստեղծման մասին։

«Հակակոռուպցիոն կոմիտեն նախատեսվում էր Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումը՝ որպես անկախ մարմին, մինչդեռ դա հակասահմանադրական է, քանի որ անկախ մարմիններին նախատեսում է Սահմանադրությունը։ Այս պարագայում, եթե այն քննչական մարմին է, Սահմանադրությունը նախատեսում է, որ օրենքով սահմանված դեպքերում կարող են քննչական մարմիններ ձեւավորվել, այս դեպքում այն քննչական մարմին է, բայց «2019-23թթ դատաիրավական բարեփոխումների ռազմավարությամբ» Հակակոռուպցիոն կոմիտեն նախատեսվում էր որպես անկախ մարմին, ինչը հակասահմանադրական է», բացատրեց սահմանադրագետը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել