Armlur.am-ը գրում է.

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, արդեն տեւական ժամանակ է՝ մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Բաղդասարյանը նպատակ ուներ միառժամանակ փաստաբանական գործունեությամբ զբաղվել այնտեղ: Այդ առիթով ամենօրյա ռեժիմով փորձում էր հանդիպում ունենալ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ, որպեսզի բացակաները «հարգելի» համարվեին:

Երեկ այս հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է իմքայլական պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի հետ՝ պարզելու համար, թե որքանով են ճշմարիտ այս տեղեկությունները:

-Պարո՛ն Բաղդասարյան, Դուք ԱՄՆ ի՞նչ նպատակով էիք մեկնել, պաշտոնակա՞ն այց էր:

-Այո, մեկնել էի ԱՄՆ, չէ, պետական-պաշտոնական այց չէր, անձնական բնույթի այց էր:

-Մեր տեղեկությունների համաձայն՝ Դուք ԱՄՆ-ում փաստաբանական գործունեությամբ եք ցանկացել զբաղվել, որի համար էլ այնտեղ եք մեկնել: Կա՞ իրականում նման բան:

-Չէ, ես փաստաբանական գործունեությամբ իրավունք չունեմ զբաղվելու, հաստատ փաստաբանական գործունեությամբ չեմ զբաղվել:

-Այսինքն՝ այնտեղ դատական պրոցեսի չե՞ք մասնակցել:

-Դատական պրոցեսի մասնակցել եմ, բայց ոչ փաստաբանի կարգավիճակում, այլ վկայի կարգավիճակում:

-Իսկ ի՞նչ դատական գործ էր. եթե հնարավոր է, մանրամասնեք, խնդրում եմ:

-Մենք այնտեղ մի դատավարություն ունենք, Էդմոն Խուդյանի գործն է, արբիտրաժային դատավարություն է, ես վկա եմ: Այսքան, այլ բան չկա ասելու:

-Դուք նորի՞ց պետք է մեկնեք ԱՄՆ: Մենք տեղեկություններ ունենք, որ դիմել եք ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, քանի որ երկար ժամանակով պետք է բացակայեք խորհրդարանի աշխատանքներից, մոտ երեք ամիս ԱՄՆ-ում պետք է լինեք:

-Չէ, մի դրվագով էր, որտեղ ես վկա էի, նախկինում է եղել, ու ինձ որպես վկա էին հրավիրել դատավարությանը մասնակցելու համար: Արարատ Միրզոյանին նման գրություն չեմ գրել:

-Բայց Ձեր՝ խորհրդարանի աշխատանքներից բացակայելը խորհրդարանի ղեկավարը հարգելի՞ է համարել: Դուք դիմե՞լ եք ԱԺ նախագահին այդ հարցում:

-Դե ցանկացած դեպքում, երբ դու դատավարական պրոցեսում ինչ-որ կարգավիճակում ես հանդես գալիս, դատարանն էլ հրավիրում է ցուցմունք տալու, ես կարծում եմ, որ գործատուն դա պետք է համարի հարգելի: Չգիտեմ, այլ տեղեկություն չունեմ՝ այդ հարցի հետ կապված:

-Պարո՛ն Բաղդասարյան, Դուք ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ եք, որի ներկայացուցիչ, ձեր խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը նոր նախագիծ է ներկայացրել ,ԱԺ կանոնակարգե օրենքում փոփոխություններ կատարելու մասին: Դուք ի՞նչ դիրքորոշում ունեք այս հարցում, կիսո՞ւմ եք Ձեր խմբակցության պատգամավորի առաջադրած դիրքորոշումը:

-Ես ամիսներ առաջ խոսել եմ, ասել եմ, որ որեւէ խոչընդոտ չկա 213 հոդվածում Սահմանադրության անցումային դրույթները, որը վերաբերում է ՍԴ նախագահի լիազորությունները երկարացնելուն…, կատարել փոփոխություն եւ համապատասխանեցնել այդ լիազորությունները գործող Սահմանադրությանը: Այսինքն՝ անցումային դրույթներով չէր կարելի ժամանակին կարգավորել մի իրավիճակ, որը անցումային փուլին չէր վերաբերում: Պետք է այդ հոդվածը փոփոխվի, որը պետք է ընտրվի ՍԴ դատավորների կողմից, ոչ թե ԱԺ-ի. այսօր մենք ունենք այդ իրավիճակը: Ես սա եմ առաջարկում, բայց այս պահին այս նախագիծը չկա, ես ասում եմ, որ պետք է 213 հոդվածում կատարվի փոփոխություն. այն անօրինական լիազորությունները, որը տրվել է նախորդ իշխանության կողմից կոնկրետ սուբյեկտներին, այդ անօրինական լիազորությունները ուժը կորցրած ճանաչեն: Սա իմ դիրքորոշումն է:

-Իսկ չե՞ք համարում, որ Վահագն Հովակիմյանի առաջարկած նախագծով հնարավոր կլինի այդ հարցերը կարգավորել:

-Վահագն Հովակիմյանի հետ կապված որեւէ բան չեմ կարող ասել, սա է իմ մոտեցումը, մնացածը ճշտեք Հովակիմյանից, այս պահին ես համարում եմ, որ ճիշտը այդ փոփոխությունը կատարելն է նշված հոդվածում: Ձեւակերպումները իրենից հարցրեք, շատ մանրուքներ կան այդտեղ, որ ես դեռեւս չեմ ընկալել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել