Hraparak.am-ը գրում է․

Սույն թվականի փետրվարի 5-ին ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի մասնագիտական խորհրդում տեղի է ունենալու ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի դոկտորական ատենախոսության պաշտպանությունը։ Միանգամից ասենք, որ Հովհաննես Հովհաննիսյանի փոխարեն եթե լիներ սովորական, շարքային մտավորական, ապա նրան կմեղադրեին խարդախության ու խաբեության մեջ եւ թույլ չէին տա պաշտպանության՝ անպատրաստ վիճակում։

Բանն այն է, որ դոկտորականների պաշտպանության նոր կարգի համաձայն՝ ատենախոսը պետք է ունենա թեմայի շրջանակներում հրատարակված նվազագույնը 20 գիտական հոդված, որից, այդ թվում՝ հայագիտական բնույթի աշխատանքների դեպքում, առնվազն մեկը պետք է տպագրված լինի Web of Science կամ Scopus շտեմարաններում ընդգրկված գիտական հրատարակություններից որեւէ մեկում։ 

Այս կարգի պահանջները չեն տարածվում այն անձանց վրա, որոնց դոկտորական ատենախոսության թեման սահմանված կարգով հաստատվել է մինչեւ 2015 թ. մարտ ամիսը, եւ որոնց դոկտորական ատենախոսությունը մինչեւ 2018 թ. մարտի 10-ը համապատասխան հաստատությունում նախնական քննարկում կամ փորձաքննություն է անցել, այսինքն՝ նախապաշտպանություն։ Նման դեպքերում գործում է նախկին կարգը, ըստ որի՝ «Դոկտորական ատենախոսությունների պաշտպանությունների համար անհրաժեշտ է առնվազն 20 գիտական հոդված, որոնցից հայագիտական բնույթի աշխատանքների դեպքում՝ նվազագույնը երկուսը օտարերկրյա պետություններում տպագրվող գրախոսվող գիտական հրատարակություններում»։
Ավելացնենք, որ ատենախոսի՝ գիտական խորհրդի երաշխավորությամբ հրատարակված եւ պաշտպանության ներկայացված թեմային առնչվող մեկ մենագրությունը հավասարազոր է 5 հոդվածի։ 

Ահա, հեռատես Հովհաննիսյանը, որպեսզի խուսափի նոր, բարդացված կարգի տակ ընկնելուց, կարողանում է իր դոկտորականի նախապաշտպանությունը կազմակերպել տալ մինչեւ 2018 թ. մարտի 10-ը։
Նախապաշտպանության կազմակերպիչները կոպտորեն խախտել են կարգը, քանի որ այդ պահի դրությամբ Հովհաննես Հովհաննիսյանը դեռեւս չէր հասցրել հրատարակել թեմային առնչվող իր մենագրությունը (գիրքը լույս է տեսել ուշացած՝ 2018 թ. դեկտեմբերին), հետեւաբար, նախապաշտպանության է ներկայացել 17 հրապարակումով եւ չի կատարել 20 հոդվածի պահանջը։ Այստեղից բխում է, որ Հովհաննես Հովհաննիսյանի դոկտորականի պաշտպանությունն անօրինական է, այն պետք է կասեցվի մինչեւ ատենախոսի կողմից Web of Science կամ Scopus-ում հոդված տպագրելը։ Ի դեպ, նույն մանիպուլյատիվ մոտեցում է դրսեւորվել նաեւ այն բանում, որ դիսերտանտի գիրքը ստորագրված է տպագրության դեկտեմբերի 13-ին, իսկ, չգիտես ինչու, շնորհանդեսը եղել է դեկտեմբերի 8-ին։

Ի դեպ, զարմանք է հարուցում այն փաստը, որ Հովհաննես Հովհաննիսյանը չունի գեթ մեկ հոդված՝ հրատարակված հանրապետության հեղինակավոր, լուրջ հայագիտական-հասարակագիտական պարբերականներում («Պատմա-բանասիրական հանդես», «Լրաբեր հասարակական գիտությունների», «Բանբեր Երեւանի համալսարանի» եւ այլն)։ Փաստն ինքնին խոսում է հեղինակի գրած հոդվածների որակի մասին։ Հովհաննիսյանի հոդվածները լույս են տեսել չգրախոսվող (ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի տարեգիրք, Գավառի պետական համալսարանի գիտական հոդվածների ժողովածու), ընդ որում՝ հեղինակը չի բավարարվել այդ ժողովածուների լույս տեսնող հերթական համարում զետեղել մեկ հոդված, ինչպես կարգն է համբավավոր պարբերականների պարագայում, այլ դրանց մի քանի հատորներում միանգամից ճխտել է երկուական հոդված։ Հովհաննես Հովհաննիսյանի սեղմագրում նշված են նաեւ ժողովածուներ, որոնք ներառված չեն ԲՈԿ-ի ցանկում (օրինակ՝ ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի տարեգիրք, 2016)։

Խնդրահարույց են ատենախոսի՝ օտարերկրյա պետություններում տպագրած 3 հոդվածները՝ ատենախոսության մեջ նշված աշխատությունների ցանկից 16-ից 18-ը: Դրանց էջերի խիստ սակավությունը (համապատասխանաբար՝ 3, 4, 5 էջ) հուշում է, որ սեղմագրի ցանկում ներկայացվածները ոչ թե հոդվածներ են, այլ կարճ հաղորդումներ, որոնք առոչինչ են ատենախոսությունների բովանդակության վերաբերյալ լիարժեք պատկերացում տալու հարցում։ Բացի այդ, նշված հոդվածները տպագրված են Ռուսաստանի ծայրամասային կենտրոններում՝  Տամբով (2 հոդված) եւ Վոլգոգրադ  (1 հոդված), մեկն էլ՝ Ղազախստան: Ինչը կասկած է հարուցում, որ հեղինակը խուսափել է ռուս ու եվրոպական հեղինակավոր գիտական պարբերականներից:   
Ի դեպ, ատենախոսության սեղմագիրն աչքի է ընկնում բազմաթիվ լեզվական անհարթություններով, հսկայաքանակ տեխնիկական վրիպակներով եւ ստահոդ հղումներով, որոնք կոչված են մեռած լեզուներով աղբյուրներ օգտագործելու տպավորություն թողնելուն։ Մինչդեռ նրա գործընկերներին հայտնի է, որ նա չի տիրապետում ո՛չ լատիներեն, ո՛չ հին հունարեն լեզուներին: Անլուրջ մոտեցման դրսեւորումներից մեկն էլ այն է, որ Հ. Հովհաննիսյանի ատենախոսության ծավալը չափից դուրս  մեծ է՝ մոտ 430 էջ, որը 180 էջով ավելին է ԲՈԿ-ի կողմից սահմանված առավելագույնից: Դա խոսում է մասնագիտական խորհրդի թերացման եւ ատենախոսի կողմից աշխատանքը կրճատելու անհրաժեշտությունն արհամարհելու մասին: Իրական պատճառն այն է, որ աշխատանքի հիմքում չենք տեսնում մի միասնական մտահղացում, գիտական հայեցակարգ, ըստ որի՝ պետք է շարադրվեր ատենախոսությունը: Այդ  մասին է վկայում ինքը՝ հեղինակը, իր սեղմագրում, երբ «Նորույթներ» բաժնում հստակ չի ձեւակերպում գեթ մի նորույթ, որ բխում է իր աշխատանքից: Թերեւս դա է պատճառը, որ հեղինակը չի կողմնորոշվել, թե ինչը կրճատի, ինչի համար: Ի դեպ, դա երեւում է աշխատանքի վերնագրից: Ինչպես հասկանալ «Վաղ քրիստոնեական դավանաբանական վեճերի կրոնագիտական վերլուծություն (II դարի II կես-V դարի I քառորդ)» վերնագիրը. չկա խնդիր, չկա հետազոտական նպատակադրում, չկա լուծում, հետեւաբար եւ թեման ատենախոսական չէ: 

Կա պաշտպանության լեգիտիմության հետ կապված մի լուրջ խնդիր եւս: Հ. Հովհաննիսյանն իր գրքի անոտացիայում սքողված հեռահար նպատակով նշել է. «Որպես դասագիրք կամ ուսումնամեթոդական ձեռնարկ՝ այն կարեւորվում է բուհական եւ գիտակրթական մասնագիտացված հաստատությունների համար»: Այս լղոզված նախադասությունն արված է մոտ ապագայում պարոն Հովհաննիսյանի պրոֆեսորության հարցը եւս լուծելու համար, որի ապահովման ուղղությամբ ժողովրդի ընտրյալը «հեռատեսորեն» կարող էր հոգացած լինել դեռեւս կրթության եւ գիտության փոխնախարար աշխատած ժամանակ: Բայց կրթության ոլորտի երբեմնի բարձրաստիճան պաշտոնյան եւ այսօրվա օրենսդիրի պատասխանատուներից մեկը քաջ պիտի իմանա, որ դասագիրքը կամ ուսումնամեթոդական ձեռնարկը հավասարազոր չեն 5 հոդվածի: Այսինքն՝ վերոնշյալ գիրքը եթե դասագիրք է, ապա մենագրություն չէ: Իսկ եթե մենագրություն է, ապա չի կարող հանդիսանալ ուսումնամեթոդական ձեռնարկ եւ պրոֆեսորության բարձրացնող միջոց: Նույն անոտացիայում հեղինակն իր աշխատանքը կարեւորում է որպես «հայագիտության մեջ պատմակրոնագիտական առաջին ամբողջական հետազոտություն»: Դարձյալ մանիպուլյացիա. այս աշխատանքը ոչ մի կապ չունի հայագիտության հետ: Այն իր բնույթով ընդհանուր համաշխարհային աստվածաբանական մտքի պատմության մի շարք դրվագների կոնսպեկտ է՝ քաղված հիմնականում ռուս հեղինակներից (Սպասսկի, Բոլոտով, Պոսնով, Կարտաշեւ, նաեւ՝ գերմանացի Հառնակ, մի քանի հանրագիտարաններ եւ այլն):

Ինչ վերաբերում է ատենախոսության թեմային, վերնագրին, կառուցվածքին, շարադրանքի որակին եւ բովանդակությանը, ապա առայժմ հարկ չկա այդ մասին խոսելու։ Դրա հերթը կգա, երբ դոկտորի հավակնորդը նշված թերությունները կվերացնի եւ աշխատանքը կհամապատասխանեցնի գործող կարգի պահանջներին։

Մի խումբ հեղափոխական մասնագետներ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել