Pastinfo.am-ը գրում է․

«ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությունից այս իշխանությունների համար դրական բան տեսնելու ջանքերը պայմանավորված են կամ հիվանդագին երեւակայությամբ կամ էլ՝ կաղող լեզվաիմացությամբ»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ԵԽԽՎ Հայաստանի հարցերով համազեկուցողների՝ նախօրեին արած հայտարարությանն ու այդ հայտարարության վերաբերյալ իշխանական թեւի մեկնաբանություններին։

Հիշեցնենք, համազեկուցողները անհանգստություն են հայտնել վարչապետի գրասենյակի և Սահմանադրական դատարանի նախագահության միջև առկա լարվածության բարձր մակարդակի կապակցությամբ եւ շեշտել զսպումների ու հակակշիռների սկզբունքի պահպանման անհրաժեշտությունը։

«Իշխանական քարոզիչները նման են այն հիվանդին, որի մոտ հերթական հետազոտությունը անցնելուց հետո, որի ընթացքում հայտնաբերվում է ուռուցք, ուրախանում է, թե փայծաղը մեծացած չէ, բայց դրանից հայտնաբերված ուռուցքը չի ներծծվելու»,-շարունակել է Արմեն Աշոտյանը՝ ցավ հայտնելով, որ իշխանության ներկայացուցիչները հետեւություններ անելու փոխարեն, ճամարտակություններով է զբաղված։

Հիշեցնենք, ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները նշել էին. «Վերահսկողությունն ու փոխզսպումը անհրաժեշտ են ցանկացած ժողովրդավարական համակարգում։ Սա ենթադրում է, որ բոլոր ինստիտուցիոնալ լիազորությունները պետք է գործեն ըստ օրենքի գերակայության և հարգվեն գործով և բառերով, ներառյալ անմեղության կանխավարկածի սկզբունքի նկատմամբ: Եթե նրանք չեն կարող համագործակցել այս սկզբունքների համաձայն, ապա դրանք քայքայում և վնասում են միմյանց: Հետևաբար, մենք անհանգստացած ենք այն երկարաժամկետ վնասով, որը կարող է բերել դատական համակարգին այն լարվածությունը, որը հասել է աննախադեպ մակարդակի»։

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ողջունել էր համազեկուցողների հայտարարությունը ՝ վստահեցնելով. «Շարունակելու ենք չտրվել սադրանքների ու իրավունքի գերակայության սկզբունքը ապահովելով լուծել ՍԴ ճգնաժամը»։ Նախարարը մեջբերել էր հայտարարության միայն այն հատվածը, որտեղ համազեկուցողները նկատել են, որ ՀՀ կառավարությունն ու խորհրդարանը մինչ այժմ հետևել են իրավիճակի լուծման իրավական ընթացակարգերին, Վենետիկի հանձնաժողովի կարծիքն են հայցել Սահմանադրական դատարանի դատավորների վաղաժամկետ թոշակի մեխանիզմի վերաբերյալ:

Իսկ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեփական մեկնաբանություններով էր համեմել հայտարարությունը, մասնավորապես ՍԴ և վարչապետի աշխատակազմի միջև լարվածության բարձր մակարդակի վերաբերյալ համազեկուցողների արտահայտած անհանգստությունը վերագրելով ՍԴ նախագահի գործողություններին։

«Ամբողջովին կիսում եմ այս տեսակետը։ Անթույլատրելի է, երբ Սահմանադրական դատարանի նախագահը քաղաքական, կրկնում եմ՝ քաղաքական (և ոչ իրավական) ընդդիմախոս է դառնում կառավարությանը՝ ծավալելով քաղաքական գործունեություն և առաջացնելով լարվածություն նշյալ երկու ինստիտուտների միջև»,-նախօրեին Ֆեյսբուքում գրել էր Ռուբինյանը։

Հիշեցնենք, սակայն, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում իր մեծ ասուլիսի ընթացքում անդրադառնալով ՍԴ-ի թնջուկին , ըստ էության խախտելով անմեղության կանխավարկածը, հայտարարել էր, թե ՍԴ նախագահն ընտրվել է կեղծիքով եւ ՍԴ-ի լիազորություններն օկուպացված են։

Այս հայտարարությունից հետո ՍԴ նախագահը հարցազրույցում անդրադարձել էր ստեղծված իրավիճակին եւ հայտարարել. «Իսկ իրենց այդ ո՞ր լիազորության մեջ է գրված, որ իրենք պետք է ուզեն Հրայր Թովմասյանն աշխատի, թե չաշխատի։ Կարող եք հակառակ հարցադրումն անել՝ իսկ Հրայր Թովմասյանն ուզո՞ւմ է, որ իրենք աշխատեն, թե ոչ։ Որովհետև երեք իշխանության ճյուղերից մեկի ղեկավարն ինքն է [Նիկոլ Փաշինյանը-խմբ.], մեկի ղեկավարը՝ ես»։

Այնուհետեւ, Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով Հրայր Թովմասյանի դեմ հարուցված քրեական գործին առնչվող Հանրային Հ/Ը ռեպորտաժը, որտեղ, ըստ Թովմասյանի փաստաբանական խմբի, խախտվել է ՍԴ նախագահի անմեղության կանխավարկածն ու ՍԴ-ի մասին օրենքի դրույթը, գրել էր.«Հրայր Թովմասյանը չի կարող լինել ՍԴ նախագահ եւ որեւէ կապ ունենալ ՍԴ-ի հետ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել