Pastinfo.am-ը գրում է.

Գործադիր իշխանության եւ Սահմանադրական դատարանի միջեւ լարված հարաբերությունները հասել են ԵԽԽՎ։

«Մտահոգված ենք Հայաստանի երկու պետական ինստիտուտների` վարչապետի գրասենյակի և Սահմանադրական դատարանի նախագահության միջև առկա լարվածության բարձր մակարդակից»,- նշված է նախօրեին տարածված ԵԽԽՎ-ի հայտարարության մեջ։ «Փաստինֆո»-ի հարցերին է պատասխանում ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։

-Տիկին Հովհաննիսյան, փաստորեն ՍԴ-Կառավարություն «հակամարտությունը» մինչև անգամ հասավ ԵԽԽՎ։ Որպես ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության նախկին ղեկավար, նախ կխնդրեի մեկնաբանել այս հայտարարությունունը, այն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ հայաստանյան ներքաղաքական կյանքում և ի՞նչ ենթատեքստեր է պարունակում։

-Ակնհայտ է, որ վեհաժողովի զեկուցողները խնդիր են տեսնում Սահամանադրական դատարանի և Կառավարության այս «հակամարտության» միջև, ու ակնհայտ է նաև, թե ով է լարվածության հեղինակը։ Ես իրականում չեմ հասկանում իշխանական քարոզչամեքենայի հիացական մեկնաբանությունները, քանզի այդ հակամարտության նախաձեռնողն ակնհայտորեն ՍԴ-ն չէ։ Ենթատեքստն, կարծում եմ, այն է, որ «մենք շարունակում ենք ուշադիր հետևել, զգույշ եղեք ձեր քայլերում»։

-Արձագանքելով ԵԽԽՎ-ի հայտարարության՝ ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի գնալու հատվածին, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շարունակելու ենք չտրվել սադրանքների ու իրավունքի գերակայության սկզբունքը ապահովելով լուծել ՍԴ ճգնաժամը»։ Ի՞նչ սադրանքների մասին է խոսքը և արդյո՞ք այս հայտարարությամբ Արդարադատության նախարարը կրկին չի սրում ՍԴ-Կառավարություն հարաբերությունները։

-Կարծում եմ, Ռուստամ Բադասյանից է պետք հարցնել ինքն ինչ սադրանքների պետք է տրվեր ու հիմա չի տրվելու։ Իրավունքի գերակայության սկզբունքին համապատասխան իրենք չեն հանգուցալուծում այս ճգնաժամը, ակնհայտ է, որ վեհաժողովը խոսում է այն մասին, որ իրավական ընթացակրագը պահպանել են՝ ճիշտ է, ընդունել են օրենք ու դրանում առաջարկել են վաղաժամ կենսաթոշակի սխեմա, ինչպես իրենք են դա անվանում, բայց վեհաժողովի զեկուցողները նաև նշում են, որ պետք է շարունակել այդ ոգով, այսինքն ոչ թե մարդկանց ճնշեք, գործեր հարուցեք, ռեպորտաժներ սարքեք ու էլի չգիտեմ ինչեր անեք, այլ պարզապես ընդունե՞լ եք իրավական ընթացակարգով օրենքը, ապրեք, ձեզ ծափեր դրա համար, դե հիմա սպասեք կամավոր տեսեք ով է հրաժարվում, իսկ կամավորությունը ապահովված է, թե ոչ, կարծում եմ ո՛չ Ռուստամ Բադասյանը, ո՛չ Դուք, ո՛չ ես չենք կարող հերքել. Իհարկե, ապահովված չէ։

-Տիկին Հովհաննսիյան, ԵԽԽՎ-ի հայտարարությունում մի այսպիս հատված կար. «Վերահսկողությունն ու հակակշիռներն անհրաժեշտ են ցանկացած ժողովրդավարական համակարգում: Սա ենթադրում է, որ բոլոր ինստիտուցիոնալ ուժերը պետք է գործեն ըստ օրենքի գերակայության, և հարգեն այն իրենց գործով և խոսքով, ներառյալ անմեղության կանխավարկածը»: Անմեղության կանխավարկածի մասին խոսելիս, անշուշտ, հիշում ենք վերջին օրերին քննարկված Հ1-ի ռեպորտաժն ու վարչապետի կողմից դրանով կիսվելն իր ֆեյսբուքյան էջում։ ԵԽԽՎ-ի այս հայտարարությունը կարո՞ղ է զսպման օղակ լինել Կառավորության համար։

-Ես հուսով եմ, որ զսպման օղակ կլինի, որովհետև անմեղության կանխավարկածի հիշատակումն ակնհայտ է, որ այդ հայտարարությունում տեղ է գտել հենց այդ ռեպորտաժից ու այդ ռեպորտաժը վարչապետի էջում կիսելուց հետո, ես սա Ձեզ վստահեցնում ու հավաստիացնում եմ։ Այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող,անգամ մեկնաբանությունն ավելորդ է։ Զսպման օղակ կլինի, թե ոչ, դա կախված է նրանից, թե ինչքանով են նրանք ունակ հասկանալու այս կամ այն միջազգային կառույցի տողատակում, իսկ հաճախ շատ բացահայտ, ասված խոսքերը։

-Անդրադառնալով ԵԽԽՎ-ի անհանգստությանը՝ ՍԴ-ի և Կառավարության միջև առկա լարվածության վերաբերյալ, իշխանական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը գրել է. «Անթույլատրելի է, երբ Սահմանադրական դատարանի նախագահը քաղաքական, կրկնում եմ՝ քաղաքական (և ոչ իրավական) ընդդիմախոս է դառնում կառավարությանը՝ ծավալելով քաղաքական գործունեություն և առաջացնելով լարվածություն նշյալ երկու ինստիտուտների միջև»։ Փաստորեն ԵԽԽՎ-ի հայտարարությունից հետո էլ իշխանությունները շարունակում են պնդել, թե ՍԴ նախագահը քաղաքական ընդդիմախոս է ու ստեղծված իրավիճակի համար մեղքի բաժինը դնում են Հրայր Թովմասյանի ուսերին։

-Դե բնականաբար Ռուբեն Ռուբինյանն այլ բան չէր էլ կարող ասել, նա պետք է ասի այն, ինչ ասում է իրենց ամբողջ իշխանությունը՝ վարչապետի գլխավորությամբ։ Իբր թե քաղաքական ընդդիմություն է դարձել Հրայր Թովմասյանը, մեկը չկա ասի «բա հարգելիս, կներես, Հրայր Թովմասյանին ո՞վ է մեղադրում է՛լ հանցանքների մեջ, է՛լ քաղաքական պայմանավորվածությունների մեջ, է՛լ ինչի մեջ ասես։ Ամեն ինչի մեջ մեղադրում եք Հրայր Թովմասյանին ու ուզում եք մարդը լռի, տեսնի թե ոնց եք խախտում ամեն հնարավոր սկզբու՞նք։ Ինչի՞ մասին է խոսքը։ Այդ լարվածությունն առաջացել է Կառավարության շնորհիվ, պատճառով, նախաձեռնությամբ, իրենք էլ պետք է հանգուցալուծեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել