Գերմանիայի խորհրդարանը պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել է Քրիստոնեա-դեմոկրատների միության պատգամավոր Կարին Շտրենցին, հայտնում է Deutsche Welle-ն:

Նախորդ տարի Բունդեսթագը տուգանել էր Շտրենցին 20 հազար եվրոյով: Նրան մեղադրում են 22 հազար եվրո կաշառքի դիմաց ԵԽԽՎ-ում Ադրբեջանի շահերը պաշտպանելու մեջ։

Պատգամավորի նկատատմամբ հետաքննության շրջանակներում խուզարկություններ են անցկացվել նրան պատկանող 16 տարբեր օբյեկտներում:

Այս գործով անցնում է նաև բավարական Քրիստոնեա-դեմոկրատների միության նախկին պատգամավոր, Ներքին գործերի նախարարությունում խորհրդարանական նախկին պետական քարտուղար Էդուարդ Լինտերը։ Դատախազության տվյալներով, Լինտերը 2008-2016 թվականներին բրիտանական կեղծ ընկերությունների միջոցով Ադրբեջանից ստացել է մոտ 4 միլիոն եվրո։ Այդ գումարի զգալի մասը նա փոխանցել է ԵԽԽՎ-ի որոշ անդամների, որոնք պետք է դրական արտահայտվեին Ադրբեջանի ընտրությունների մասին և դեմ արտվահայտվեին երկրում քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջներին:

Այս գործում կա ևս մեկ կասկածյալ, որի անունը նախաքննությունը դեռ չի բացահայտում։ Նրան մեղադրում են կեղծ ընկերություններ հիմնադրելու և իր փաստաբանական գրասենյակի բանկային հաշիվների միջոցով ԵԽԽՎ-ի անդամներին կաշառելու համար Ադրբեջանից դրամական միջոցներ ստանալու մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել